Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոկիո գյուղում բնակիչները առանձնացնում են ճանապարհների ոչ բարվոք վիճակը, աղբամանների և գիշերային լուսավորության բացակայությունը։ Պատկան մարմինների խոստումների համաձայն, այս տարի այս բոլոր խնդիրները մասամբ կամ ամբողջությամբ լուծում կստանան։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոկիո գյուղը գտնվում է Ախալքալաքի հյուսիս-արևմտյան մասում։ Գյուղում կա 84 տնտեսություն, մի քանի տասնամյակ առաջ՝ 110 էր։ Նշենք, որ գյուղն ապահովված է խմելու ջրով, գազաֆիկացված է, գյուղում կա մանկական խաղահրապարակ։ Գյուղի դպրոցը հիմնական է՝ 9-ամյա։
Բնակիչների խոսքով, մունիցիպալիտետի մյուս գյուղերի համեմատությամբ Կոկիոն լքող ընտանիքները շատ չեն: Գյուղը փոքր է, բայց խնդիրները՝ ոչ այդքան։
Բնակիչներն ասում են, որ հիմնական խնդիրը վատ ճանապարհն է։
Բնակիչ Ալբերտ Փիլոյանն ասում է, որ իրենց ճանապարհները վատն են, աղբարկղեր չկան:
«Ճանապարհի խնդիր ունենք: Խոստացել են, որ աշխատանքները կսկսեն ապրիլի 15-ից, բայց դեռ չեն սկսել։ Գյուղում աղբամաններ չկան, ամեն մեկն իր աղբը տանում է Վարևան, այնտեղ աղբամաններ կան։ Գյուղի ծայրամասում արհեստական աղբանոց կա, մարդիկ այնտեղ են գցում, ոմանք էլ վառում են»,- ասում է Ալբերտ Փիլոյանը։
Վարեւան-Ալաստան-Կոկիո ճանապարհի (ավելի քան 6 կմ) ասֆալտապատումն իրականացվում է տարածաշրջանային հիմնադրամից, դրա համար հատկացվել է 3 521 276 լարի։ Այդ աշխատանքների գումարի 95%-ը հատկացնում է Տարածաշրջանային հիմնադրամը, 5%-ը՝ մունիցիպալիտետը։ Մրցութային փաստաթղթերի համաձայն, աշխատանքները պետք է սկսվեին ապրիլի 15-ին։ Աշխատանքների մրցույթը 3 063 000.00 լարիով շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: Ընկերության ներկայացուցչի խոսքով, այս տեղամասում նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, մասնավորապես գեոդեզիական աշխատանքներ են ընթանում, իսկ վերականգնողական աշխատանքները կսկսվեն 10 օրից։ Ասֆալտապատումը կսկսվի Վարեւան գյուղից: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի։
Հավանաբար կլուծվի նաև աղբամանների հարցը։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, աղբամաններ ձեռք բերելու դեպքում դրանք կտեղադրեն նաեւ Կոկիո գյուղում։
Գյուղի բնակիչ Արթուր Դավթյանն ասում է, որ գյուղում բավարար լուսավորություն չկա։
«Լուսավորություն կա, բայց քիչ է, շատ է պետք, որպեսզի լուսավորություն լինի յուրաքանչյուր փողոցում»,- ասում է Արթուր Դավթյանը։
Նշենք, որ այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով, Կոկիո գյուղի բնակիչները գյուղում ավելացնելու են գիշերային լուսավորությունը։
Սուսաննա Ոսկանյանը դժգոհում է չիրացված կարտոֆիլից։
«Ես ունեմ 2 տոննա խոշոր և 3,5 տոննա սերմացու կարտոֆիլ, որը չի վաճառվել, մենք մի ամբողջ տարի աշխատում ենք և չենք կարողանում վաճառել, ինչով ապրի գյուղացին»,- ասում է նա։