Սուլդայում դեռ «պառկած ոստիկաններ» չկան, չնայած, որ երեկ ոստիկանության աշխատակիցները խոսք էին տվել գյուղի բնակիչներին, որ կտեղադրեն։ Ճանապարհը սպասարկող ընկերությունից խոստանում են, որ վաղը կտեղադրեն, եթե եղանակային պայմանները թույլ տան։

Երեկ՝ հունիսի 11-ին, Սուլդա գյուղում ավտովթար էր եղել։ Իրանական պետհամարանիշներով բեռնատարը հարվածել էր 7 տարեկան աղջկա, վերջինս գտնվում է հիվանդանոցում։ Սուլդայի բնակիչները երեկ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով տեղական ինքնակառավարման մարմիններից գյուղում տեղադրել «պառկած ոստիկաններ»։ Աշխատանքները պետք է սկսվեին այսօր, սակայն, ինչպես նշեց «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն, եղանակային պայմաններն են խանգարել։

«Բոզալիում այսօր երկու հատ տեղադրել ենք, կաուչուկից, Սուլդայում էլ պետք է անեինք կաուչուկից, սակայն, նախ եղանակը խանգարեց, հետո ինձ քաղաքապետն ասաց, որ բնակիչները կաուչուկից չեն ուզում, այլ՝ ասֆալտից։ Վաղը, եթե եղանակային պայմանները թույլ տան, անպայման կանենք», – ասաց Նոդար Ինասարիձեն։

Ինչպես նշեց ընկերության տնօրենը, պետք է տեղադրեն երեք տեղ, կոնկրետ այն վայրերում, որտեղ բնակիչները ցույց կտան։

Սուլդա գյուղի մասնագետ Զարզանդ Կուջոյանն էլ ասաց, որ չնայած այն հանգամանքին, որ դեռ աշխատանքները չեն սկսվել, ոստիկանները հսկում են ճանապարհը և ակտիվ շրջում են գյուղում։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ժամը 10:00-ի սահմաններում Սուլդա գյուղում միջազգային բեռներ փոխադրող բեռնատարը գյուղի կենտրոնում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա։

Երեխան տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց, նրա վիճակի մասին տեղեկությունը ճշտվում է։