Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղի երիտասարդները դժգոհում են, որ գյուղում տեղ չկա, որտեղ կարող էին սպորտով զբաղվել։ ՕԳԾ միջոցները Խանդո գյուղում արդեն մի քանի տարի է ներդրվում են սպորտդահլիճի կառուցման համար, սակայն առանց լրացուցիչ աջակցության շինարարությունը կարող է ձգձգվել ևս մի քանի տարի։
Արմեն Մարգարյանը 20 տարեկան է։ Նա գյուղատնտեսությամբ է զբաղվում, շատ համագյուղացիների նման գումար վաստակելու համար չի հեռանում երկրից։ Նա դժգոհում է, որ գյուղում տեղ չկա, ուր, գյուղական աշխատանքից ազատ ժամանակ, հանգստանա և սպորտով զբաղվի։
«Մենք գիտեինք, որ շինարարության համար մեծ գումար է պետք։ Մտածում էինք դրսից կօգնեն, բայց մինչ այժմ չեն օգնել։ Եթե գոնե թույլ տային դպրոցի մարզադահլիճում մարզվել։ Ճիշտ է, դա էլ բարեկարգման կարիք ունի, բայց այնտեղ ծախսը քիչ է»,- ասում է Արմեն Մարգարյանը։
Դպրոցի մարզադահլիճը նույնպես բարվոք վիճակում չէ, դպրոցն այժմ այնտեղ վառելափայտն է պահում, սակայն, պատգամավոր Սարգիս Մելիքյանի խոսքով, դպրոցի տնօրինությունը դիմել է Կրթության նախարարություն, մարզադահլիճը վերականգնելու թույլտվություն ստանալու համար։
«Անցյալ տարի մենք ՕԳԾ֊ի գումարը ներդրել ենք մարզադահլիճի կառուցման համար, այս տարի նույնպես կծախսենք դրա վրա, բայց հաջորդ տարի մտադիր ենք դիմել տեղական իշխանություններին, որպեսզի գումար հատկացնեն և կարողանանք հաջորդ տարի գոնե ավարտին հասցնել շինարարությունը։ Մենք դիմել ենք դպրոցի տնօրինությանը, իմացել ենք, որ սպասում են դպրոցի մարզադահլիճը վերականգնելու թույլտվությանը, եթե այս տարի վերանորոգեն, ապա աշնանը կարող ենք վարժասարքեր տեղադրել այնտեղ, և երիտասարդները կկարողանան մարզվել դասերից հետո, մինչև կավարտենք գյուղի մարզադահլիճի շինարարությունը»,- ասաց Խանդոյի տարածքային միավորից Սակրեբուլոյի պատգամավոր Սարգիս Մելիքյանը։
Անցյալ տարի կառուցել ենք հիմքն ու հենասյուները։ Շենքն այս տարի կշարունակենք շինարարությունը։
Գյուղի նոր մարզադահլիճում կլինի սեղանի թենիս և վարժասարքեր։ Սպորտային վարժասարքերը, գյուղի երիտասարդների խոսքով, արդեն բերվել են։
«Քանի որ վարժասարքերը մենք արդեն ունենք, դրանք գյուղում են, կարող էին մեզ տեղ հատկացնել, որտեղ մենք կմարզվեինք, մինչև շենքը պատրաստ կլիներ։ Գյուղում երիտասարդների համար ոչ մի զբաղմունք չկա, բոլորը կամ ծխում են, կամ խմում են պարապությունից»,֊ասում է Սեւակ Խաչատրյանը։
Խանդո գյուղի Օգնություն գյուղին ծրագրի գումարը կազմում է 20 000 լարի, այս տարի ամբողջ գումարը հատկացվել է սպորտդահլիճի կառուցմանը։ Ախալքալաքում ՕԳ ծրագրի աշխատանքներն այս տարի դեռ չեն սկսվել։