Սիրկվան Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենափոքր գյուղերից է։ Առանց այն էլ փոքր գյուղը դատարկվում է, գյուղի երիտասարդությունը, առաջին իսկ հնարավորության դեպքում, լքում է գյուղը, այն պատճառով, որ իրենց համար այնտեղ ոչ հեռանկար կա, ոչ էլ պայմաններ։
Սիրկվա գյուղում ապրում է 23 ընտանիք, վերջին մի քանի տարիների ընթացքում գյուղի բնակչությունը գրեթե կրկնակի կրճատվել է։ Տարվա մեծ մասը գյուղի տղամարդիկ աշխատում են արտերկրում, գյուղում հիմնականում մնում են կանայք ու պատանիները։
Գյուղում հանրային դպրոց չկա, այն փակվել է մոտ 10 տարի առաջ: 21 դպրոցական հաճախում են Կաջո գյուղի դպրոց։ Գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները ևս մանկապարտեզ են հաճախում Կաջոյում: Գյուղն ունի բնական գազ, գյուղ տանող ճանապարհի մեծ մասը ասֆալտապատ է, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք դժվարացնում են մարդկանց կյանքը։
Անմիջապես գյուղում չկա նորմալ ճանապարհ, երիտասարդների ժամանցի վայր, մարզահրապարակ, աղբամաններ, ոռոգման ջուր։
Աիդա Խոջյանի խոսքով, ամեն տարի գյուղի ճանապարհը հարթեցվում է, սակայն անձրեւներից հետո ճանապարհը կրկին դառնում է դժվարանցանելի։
«Ճանապարհը վատ է, ինքներդ տեսաք, ամեն տարի հարթեցնում են, բայց ասֆալտը դա հիմնովին է: Սարերից այն կողմ մենք հողատարածքներ ունենք, բայց քանի որ ոռոգելու հնարավորություն չկա, այդ հողերը չենք մշակում, կաջոցիներից ենք վարձով վերցնում։ Նախ և առաջ այնտեղ ջուր պետք է անցկացնել»,- ասում է Աիդա Խոջյանը։
Գյուղում երիտասարդների հավաքատեղի ինչպես նաև ժամանակ անցկացնելու տեղ չկա։ Բնակիչները գրավոր դիմել են տեղական իշխանություններին, խնդրելով մարզահրապարակ ստեղծել երիտասարդների համար և խաղահրապարակ երեխաների համար, սակայն նրանք դեռ չգիտեն, թե այդ խնդրանքն արձագանք կստանա, թե ոչ։
Հասմիկ Հովհաննիսյանը խնդրում է հոգ տանել երիտասարդների մասին, որպեսզի նրանք չցանկանան հեռանալ։
«Նրանց էլ կարելի է հասկանալ: Կարող էին ծիսակատարությունների տան մոտ մարզասարքեր տեղադրել: Մեր գյուղում կանայք ու 3 երիտասարդ տղամարդ է մնացել, այն էլ՝ մեկն ինքն է հիվանդ, մյուսն էլ տանը հիվանդ ունի: Գյուղում միայն կանայք են»,- ասում է Հասմիկ Հովհաննիսյանը։
Սիրկվա գյուղի բնակիչներն այս փուլում անհանգստացած են, որ դեռ չեն իրացրել կարտոֆիլի բերքը։
Հասմիկ Հովհաննիսյանը 2 տոննա կարտոֆիլ ունի, չգիտի, թե ինչ է անելու, գնորդներ չկան, իսկ ցանել նա չի ուզում:
Վալյա Ասլանյանի խոսքով, անասնապահության մեջ էլ խնդիր կա, կաթի գնման գինը նվազել է։
«Առայժմ դադարել ենք հանձնել, մենք ինքներս ենք պանիր պատրաստում»,- ասում է Վալյա Ասլանյանը։
Թամար Պապոյանը դժգոհում է աղբամանների բացակայությունից: Նրանք գտնվում են գյուղից մի փոքր հեռու, և ամեն անգամ դրանց մոտ ոտքով հասնելը շատ դժվար է։
«Գոնե մեկը կամրջի մոտ դնեն, աղբարկղը միայն գլխավոր ճանապարհին է, դա գյուղից շատ հեռու է: Բնակչությունն աղբը գետն է գցում»,- ասում է Թամար Պապոյանը։
Բնակիչներն իրենք սիրում են իրենց գողտրիկ, փոքրիկ գյուղը, սկզբում նրանք ասում են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, ջուր կա, գազ կա, սակայն որքան ձգվում է զրույցը, այնքան ավելի շատ խնդիրներ են թվարկում բնակիչները։