Բոզալին Ախալքալաքի մունիցիպալիտետի այն գյուղերից է, որտեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Սակայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումից հետո գյուղում մշտական անհարմարություններ են առաջացել, որոնք կարծես թե փորձում են լուծել, բայց ակնկալվող արդյունքներ չեն ստանում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Բոզալի գյուղում ապրում է 30 ընտանիք, նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, որոշ գյուղացիներ ունեն 10-12 կով։ Սուլդա և Բոզալի գյուղերը գտնվում են իրար կողք, Ախալքալաք-Կարծախ մայրուղու վրա։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին այնպես է կառուցվել, որ գյուղերն առանձնացրել է արոտավայրերից ու խոտհարքներից։ Մինչ անասունների անցնելու ճանապարհների կառուցումը նրանք անցնում էին երկաթգծով, որը բարձրացված է և ամբողջ պարագծով ծածկված խճաքարով։ Անասունները դժվարությամբ էին անցնում երկաթուղին, որպեսզի գնան արոտավայր և վերադառնան գոմ։ Գնացքի տակ ընկնելու վտանգ կար, ինչպես նաև հազվադեպ չէին դեպքերը, երբ անասունները վնասում էին իրենց վերջույթները։
Ինչպես նշվում է «Մարաբդա-Կարծախի» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, տեղի բնակչության և տեղական իշխանությունների խնդրանքով նախագծվել և կառուցվել են անասուններին արոտավայրեր տանելու անցում ճանապարհներ։ Շինարարությունն ավարտվել է անցյալ տարի։ Սուլդա և Բոզալի գյուղերի համար կառուցվել է անասունների արոտավայր տեղափոխելու մեկ ճանապարհ։
Բոզալի գյուղի բնակիչ Եզեկ Մարաբյանը դժգոհում է, որ մեկ անցուղին երկու գյուղին չի հերիքում, այն նեղ է ու անհարմար վայրում է:
«Սուլդա գյուղում կովերի երկու նախիր կա, յուրաքանչյուրը բաղկացած է առնվազն 400 կովից: Մենք ունենք 200-ից ավելի կով: Երեք նախիրը միասին առնվազն 600 կով է, որոնք զուգընթաց անցնում են այս նեղ անցումով: Նրանք շատ երկար են անցնում, խանգարում են միմյանց: Առաջիններն անցնողները վազում են անցումից 100 մետր հեռավորության վրա գտնվող դաշտերով ու փչացնում են ցանքատարածությունները։ Մեզ ասում են, որ անասունը Սուլդայի նախրից 2-3 ժամ տարբերությամբ քշենք, բայց դա արդեն լինում է ժամը 9-ը, իսկ ամռան համար դա արդեն ուշ է։ Վերադարձի հետ կապված նույն խնդիրն է։ Ռեժիմը խախտվում է»,- ասում է Եզեկ Մարաբյանը։
Նա կարծում է, որ ամենաօպտիմալ լուծումը առանձին անասնաուղիների կառուցումն է, կամ էլ, ծայրահեղ դեպքում, եղածը գոնե 2 մ-ով ընդլայնելը։
Եզեկ Մարաբյանը վարելահողեր ունի նաև անասունների անցման մոտ և ամեն անգամ բախվում է բերքի փչացման խնդրին, քանի որ անասուններն անցնում են դրանց միջով։
«Անասունների անցման տեղից 100 մետր հեռավորության վրա իմ հողերն են, կովերն անցնելիս փչացնում են բերքս: Անասուննեչի անցման ճանապարհը սարքել են անհարմար տեղում»,- ասում է նա։
Եզեկի խոսքով, երբ կառուցվում էր այս անցումը, ինքը ցանկացել է խոսել և բացատրել ղեկավարությանը ստեղծված անհարմարությունների մասին, սակայն չի կարողացել կապնվել նրանց հետ։ Տեղում գտնվող շինարարները չեն կարողացել պատասխանել հարցերին։
Հաճախ Բոզալիի բնակիչները չեն կարողանում վարձել մամլիչ-բարդոձիչներ կամ հացահատկահավաք կոմբայններ, քանի որ ոչ բոլոր տեսակի տեխնիկաներն են կարողանում անցնել կառուցված անցումով։
«Անցումն անհարմար է նաև տեխնիկայի համար, խոտով բարձված մեքենան չի կարող անցնել»,- ասում է գյուղի բնակիչ Կարապետ Դուրգարյանը։
Գրիգոր Ավետիսյանն էլ է դժգոհում, որ անընդհատ ստիպված է լինում անհարմարությունների միջով անցնել։
«Մենք անցնում ենք այս ճանապարհով, գնում ենք խոտհունձի, իսկ տեխնիկան դժվարությամբ է անցնում անցումով, կարելի է ասել, որ տեխնիկան ջարդվելով է անցնում: Մենք, երբ եկան մեզ մոտ, բողոքեցինք ղեկավարությանը, բայց անօգուտ»,- ասում է Գրիգոր Ավետիսյանը։
Բոզալի գյուղի բնակիչների խոսքով, իրենք բողոքել են տեղի իշխանություններին, և ստացել պատասխան, որ նախագիծն արդեն կազմված է, և դժվար թե հնարավոր լինի ինչ-որ բան փոխել։
Ըստ ԲԹԿ- ի ֆեյսբուքյան էջի տեղեկատվության, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նոր՝ Մարաբդա-Կարծախ գծի հատվածում կառուցվել է 5 վերգետնյա անցում, 2 վերգետնյա կամուրջ, 7 անասունների անցատեղի և 1 տրանսպորտային անցում։