Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղի բնակիչները բողոքում են աղբամանների պակասից և խնդրում են լրացուցիչ աղբամաններ տեղադրել: Աղբահանությամբ զբաղվող Ախալքալաքի սպասարկման կենտրոնից, Jnews-ի հետ զրույցում նշեցին, որ, երբ նորերը ստանան, Բուղաշեն գյուղում աղբարկղերը կավելացնեն։
Բուղաշեն գյուղի բնակիչներն ասում են, որ գյուղում զգացվում է աղբամանների պակաս։ Բուղաշենում մոտ 120 ընտանիք է ապրում, երեք-չորս աղբարկղը գյուղին չի հերիքում։ Աղբարկղերը տեղադրված են գյուղի կենտրոնում և հասանելի չեն գյուղի ծայրամասում ապրող գյուղացիներին։
Քանի որ աղբամանները չեն բավարարում, բնակիչները հաճախ աղբը նետում են աչքից հեռու վայրերում, որտեղ պատահի:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնը մոտ երեք ամիս առաջ ստացել էր 70 նոր աղբարկղ։ Jnews-ը հետաքրքրվեց, թե որտեղ են տեղադրվել այդ արկղերը և երբ են աղբամաններն ավելացվելու Բուղաշենում։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանն ասաց, որ 70 աղբամանը բաժանվել է քաղաքում և Դիլիսկա գյուղում։ Բուղաշեն գյուղն այս ցանկում չկա։ Բայց, նրա խոսքերով, նորից սպասում են նոր աղբարկղերի, ու այս անգամ Բուղաշենում անպայման կտեղադրվեն լրացուցիչ աղբարկղեր։
«Քաղաքի ջարդված աղբարկղերը փոխեցինք և ավելացրինք աղբամաններ Դիլիսկա գյուղում: Դիլիսկայի բնակչությունը վճարում է աղբահանության համար, դրա համար էլ առաջնահերթ տեղադրեցինք այնտեղ: Մենք նախատեսում ենք ստանալ ևս 200 նոր աղբարկղ, կտեղադրենք նաև Բուղաշեն գյուղում»,- ասաց Մխիթար Ռստակյանը։
Ֆիզիկական անձանց համար աղբահանության սպասարկման ամսավճարը մեկ անձի համար կազմում է 50 թեթրի։ Չորսից ավելի մարդ ունեցող ընտանիքները ամսական վճարում են 2 լարի։ Իրավաբանական անձանց համար սակագինը 25 լարի է 1քառ/մ-ի համար։
Աղբահանության համար վճարում են Ախալքալաքի մունիցիպալիտետի 17 գյուղում, մնացած գյուղերն այս խնդիրն հաղթահարում են տարբեր կերպ։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնն ունի 6 աղբատար մեքենա, որոնք, տնօրենի խոսքով, բավարար չեն։ Գյուղերի աղբամանները շաբաթական երկու անգամ մաքրվում են: Ըստ Մխիթար Ռստակյանի, աղբատար մեքենաները նաև ուղարկվում են գյուղեր, երբ այնտեղ մաքրում է անցկացվում, և գյուղի լիազորը խնդրում է տեխնիկա ուղարկել։