Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում, որտեղ «Օգնություն գյուղին» ծրագրով (ՕԳԾ) ընտրվել են ապրանքների և գույքի գնումներ, աշխատանքներն ավարտված են, մնացած գյուղերում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքների հետ կապված խնդիրներ չկան, և դրանք կավարտվեն ճիշտ ժամկետներում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքներն ընթացքի մեջ են, բոլոր աշխատանքների պայմանագրերն արդեն կնքված են։
Մունիցիպալիտետի այն գյուղերում, որտեղ բնակչությունը նախընտրել է գույք ձեռք բերել, գնումներն արդեն իրականացվել են։ Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի, այդպիսի գյուղերը 8-ն են եղել։
«Ագանան, Բեժանոն, Բարալեթն արդեն ավարտել են, մնացածում ակտիվ աշխատանքներ են տարվում։ Բոլոր ընկերությունները, որոնք իրականացնելու են աշխատանքները հայտնի են, պայմանագրերը կնքված են, բացառությամբ Խանդո գյուղի աշխատանքների, որի համար մենք նորից ենք մրցույթ հայտարարել։ Կարծում եմ, որ մեկ ամսվա ընթացքում ՕԳԾ-ի աշխատանքների 90 տոկոսը կավարտվի»,- ասաց Արա Մովսեսյանը։
Արա Մովսեսյանը նշում է, որ ՕԳԾ-ով իրականցվող աշխատանքներում երբևէ խնդիրներ չեն եղել, և ոչ մի աշխատանք անավարտ չի մնացել։
«Օգնություն գյուղին» ծրագիրը երկար տարիներ է իրականացվում է Վրաստանում, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Այս ծրագրի շրջանակներում, գյուղերում, հիմնականում փոքր աշխատանքներ են իրականացվում։ Սակայն Արա Մովսիսյանը կարծում է, որ ծրագիրը դեռևս արդիական է և խիստ անհրաժեշտ։
«Ինչ էլ լինի, շատ խնդիրներ դեռ հնարավոր է լուծել, գյուղերում միշտ էլ փոքր աշխատանքներ կլինեն: Այս տարի շատ գյուղերի գումարներ ենք ավելացրել, որպեսզի աշխատանքներն ավարտին հասցվեն, կարծում եմ, որ այն բանից հետո, երբ տեղական բյուջեից ՕԳԾ-ի գումարին ավելացվում է գումար, արդեն հնարավոր է մեծածավալ աշխատանքներ իրականացնել»,- ասում է Արա Մովսեսյանը։
Նշենք, որ այս տարի շուրջ 30 գյուղ իրենց միջոցներին հավելյալ գումար է ստացել։ Տեղական բյուջեն գյուղերին ավելացրել է ՕԳԾ-ով գումարի մինչև 200%-ը, որպեսզի աշխատանքներն ավարտին հասցվեն: Յուրաքանչյուր գյուղի համար հավելյալ գումարն ընտրվել է անհատապես՝ ելնելով ընտրված աշխատանքից:
Հիմնականում միջոցներ չեն ավելացվել այն գյուղերին, որոնք ընտրել են լուսավորություն, ծիսական տների կամ մարզասրահի գույքի գնում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի համար ՕԳԾ-ով նախատեսված գումարը մի քանի տարի է չի փոխվում և կազմում է 922 000 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով նախատեսված ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենախոշոր գումարը` 20 000 լարի, ինչպես նաև կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 լարի կամ 16 000 լարի: Յուրաքանչյուր գյուղ այս տարի ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի։
Ընտրվել են ՕԳԾ-ի առաջնահերթությունները, կազմվում են նախագծերը