Երկրաշարժեր, օձեր, փակ դպրոց․ վերջին շրջանում Սամեբա գյուղը հայտնի դարձել հենց այս «յուրահատկություններով», բայց այս ամենը գյուղում նորություն չէ, տարիներ շարունակ նրանք այս պայմաններում են ապրում։
Մինչ բնական երևույթների ի հայտ գալը, Սամեբա գյուղը մարդիկ նույնականացնում էին Մադաթափա լճի հետ, որտեղ մի քանի տասնյակ տեսակի թռչուններ կան։ Սակայն հիմա գյուղը հանրահայտ է դարձել հաճախակի երկրաշարժերի և դպրոցի շենքում օձերի առկայության պատճառով:
Սամեբայի բնակիչների համար օձերի ի հայտ գալը, տարվա այս եղանակին շատ սովորական երևույթ է: Մարդիկ վաղուց արդեն չեն վախենում երեկրաշարժերից՝ տներից դուրս չեն գալիս, իսկ օձերի դեպքոմ նշում են՝ առանձնապես պաշտպանվելու կարիք էլ չկա, դրանք թունավոր չեն, սակայն երեխաներին զգուշացնում են՝ հեռու մնալ, իսկ տեսնելու դեպքում չբռնել։
Օձերի պատճառով գյուղի դպրոցն անցել է առցանց ուսուցման, արդեն երկու շաբաթ է դպրոցի 14 աշակերտները տնից են դաս անում:
Դպրոցի տնօրեն Մզեքալա Մինաձեն ասում է, որ սա առաջի դեպքն է, որ դպրոցը փակվում է, քանի որ այս տարի օձերի քանակը շատ-շատ է։
«Այսպիսի դեպքեր շատ են եղել, բայց օձերը քիչ են եղել, եթե, օրինակ, անցած տարի 5 հատ օձ կար, այս տարի այդ թիվը աճել է, հասնելով 50-ից 60-ի։ Անցած տարիներին դպրոցը չէինք փակում, քանի որ մենք ունեինք դպրոցում հատուկ ախտահանիչ հեղուկներ և ինքներս էինք փչում, այս տարի դա չօգնեց և դրա համար Թբիլիսիից մասնագետների հրավիրեցինք», – ասում է դպրոցի տնօրենը:
Թե երբ կանցնեն նորմալ ուսուցման տնօրենը չի կարող հստակ նշել, քանի որ կատարվել են ախտահանիչ աշխատանքներ և սպասում են արդյունքներին։
Վալերի Խանչալյանը 27 տարի է Սամեբայում է ապրում։ Ասում է, որ իրենց հիշում են միայն ընտրությունից ընտրություն, իսկ մյուս օրերին երկրաշարժ կլինի, թե օձեր, ոչ ոք չի հիշում։
Սամեբայի բնակիչները տարվա այս եղանակին օձեի հայտնվելը ընդհանրապես չեն կապում երկրաշարժերի հետ։
«Օձերը՝ ընդհանրապես կապ չունեն երկրաշարժերի հետ: Մեզ համար սովորական է, երկու տարի է պարբերաբար երկրաշարժեր են լինում, հին տները ճաք են տալիս, իսկ նորերը՝ ոչ։ Մենք այս ամենին սովորել ենք, մեզ տիրություն անող չկա, մենակ ընտրությունից ընտրություն են հիշում, այդ ժամանակ ենք մարդ», – ասում է գյուղի բնակիչ Վալերի Խանչալյանը։
Հաճախակի երկրաշարժերից վնասվել է նրա տան առաստաղը և պատերը, առաստաղը տախտակներով է ամրացրել, որ չփլվի։
Ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները չեն վախենում՝ ոչ օձերից, ոչ էլ երկրաշարժից։
«Չենք վախենում, արդեն սովորել ենք, գիշերները երբ երկրաշարժ է լինում նույնիսկ տնից դուրս չենք գալիս, սովորական է», – ասում է 13 տարեկան Պետրե Մերաբիշվիլին։
Սամեբայում Մադաթափա լճի ռենջեր Գագիկ Մարկոսյանը, ով արդեն 10 տարի է ռենջեր է և Սամեբայում է ապրում, ասում է.
«Արդեն 15 տարուց ավելի է, որ օձեր կան գյուղում և դպրոցի տարածքում։ Տեսեք, առաջ մեր գյուղում ոչխարաբուծությունը զարգացած չէր, հիմա արդեն սարերում մոտ 30 000 գլուխ անասուն կա, դրանք մանր եղջերավոր են և օձերին սատկացնում են, դրա համար օձերը կամաց-կամաց լցվեցին գյուղ: Գյուղում էլ, տեսնում եք, մի տուն ապրում են, 10 տուն դատարկ է։ Դպրոցն էլ լճի մոտ է։ Մի քանի տարի առաջ էլ եկան դեղեցին դպրոցի տարածքը, թունավոր չեն այդ օձերը։ Այս պահին նրանց բազմացման շրջանն է, դրա համար դուրս են եկել բներից, մի ամսից էլ չեն երևա դրսում, հետո շոգին ցրվում են ամենը մի կողմ։ Տարիներ առաջ, երբ մեր մոտ երկրաշարժերը այսքան հաճախակի չէր, էլի լիքը օձ կար։ Այդ օձերը եղել են, կան ու կարծում եմ կլինեն»:
Գագիկը հիշում է, երբ իր երեխաները փոքր են եղել, տանը երաժշտություն են միացրել, օձերը սողալով ներս են մտել, հիմա նույն բանը պատմում է իր թոռներին։ Նա ավելացնում է, որ հիմա անգամ կարելի է օձ տեսնել յուրաքնաչյուր խոտի տուկի տակ։
Սամեբա գյուղի մասնագետը նույնպես, ինչպես մյուսները, այդ օձերին միշտ հիշում է նույն տարածքում։
«Հիմա գյուղի դպրոցում աշխատանքներ են ընթանում, կբետոնապատենք հատակը և այլևս օձ չի լինի։ Այդ օձերը արդեն քանի տարի է կան, անվնաս լորտու օձեր են։ Երեխաները վախենում էին, դրա համար հեռավար ուսուցման անցանք, թե չէ վնասատու չեն։ Հիմա կլցվի բետոն, ու այլևս ոչ մի օձ չի լինի։ Իմ կարծիքով, օձերը շատ են քանի որ լիճը մոտ է», – ասում է Պետրոս Թամասյանը։
Գայանե Ակոջյան