Jnews-ը հետազոտություն է անցկացնում Ախալքալաքում անհրաժեշտ մասնագիտությունների ու երիտասարդների նախասիրությունների վերաբերյալ: Այս անգամ մեր հետաքրքրության թեման բիզնես կառավարումն ու տնտեսագիտությունն է, խոսել ենք ոչ միայն ուսանողների, այլև ոլորտի փորձառուների հետ:
Սուրեն Մուրադյանն Ախալքալաքում բիզնեսով է զբաղվում: Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Սամցխե Ջավախեթիի պետական համալսարան, մասնագիտությամբ տնտեսագետ է: Հիշում է՝ դեռ ուսանողական տարիներից առաջարկներ է ստացել աշխատել բանկերում, քաղաքապետարանում, բայց չի համաձայնվել և աշխատանքի է անցել միայն վերջին կուրսում: Սկսել է աշխատել ագրո ապահովագրական ընկերությունում, աշխատանքը հարմարեցնելով իր գրաֆիկին:
«Բացի այդ վերջերս բացեցինք գեղեցկության սրահ և կենտրոնացանք ավելի շատ սարքավորումների վրա, բերեցինք մազահեռացման, նիհարեցնող և երիտասարդացնող սարքավորումներ, որոնք Ախալքալաքում չկար: Հիմնականում փորձում ենք այնպիսի բիզնես գաղափար առաջ քաշել, որը եզակի է և մեծ տարածում չունի: Այդպիսին է նաև մեր նորաբաց խանութը, որը հղիների և կերակրող մայրերի համար է»,- ասում է Սուրեն, ով չնայած երիտասարդ տարիքին հասցրել է մի շարք ծրագրեր իրագործել:
Սուրենը երիտասարդներին խորհուրդ է տալիս հենց սովորելու ժամանակ հետաքրքրվել և փորձել քայլեր անել: Հատկապես նրանք, ովքեր բիզնես ոլորտն են ուսումնասիրում և որոշել են Ախալքալաք վերադառնալ: Նրա խոսքով՝ պարտադիր չէ հենց սկզբից մեծ բիզնես դնել, այլ կարելի է փոքր քայլերով սկսել ու հետզհետե զարգացնել այն:
«Համաձայն չեմ այն մտքի հետ, որ Ախալքալաքում հնարավոր չէ լավ գաղափարներ իրականացնել: Ընդհակառակը, կարծում եմ, որ շատ բացեր կան, որոնք պետք է լրացվի և հենց երիտասարդները պետք է անեն: Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, կլինի գրանտ կամ որևէ բիզնես առաջարկ: Այստեղ կարևոր է, որ երիտասարդները կրթված լինեն և տիրապետեն պետական լեզվին: Պետական լեզվի իմացությունը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ լինել և մասնակցել հնարավոր բլոր դրամաշնորհներին և բիզնես գաղափարները իրականացնելու ճանապարհին եղած դժվարություններից», – հավելում է Սուրեն Մուրադյանը:
Ախալքալաքյան բիզնես ոլորտի փորձառուներից Հովիկ Մուրադյանի կարծիքով, դաշտում շատ բացեր կան, որոնք, եթե երիտասարդներն ուսումնասիրեն և սկսեն աշխատել այդ ուղղությամբ՝ և շահութաբեր կլինի, և կնպաստի շրջանի զարգացմանը:
Թվարկում է. օրինակ՝ գյուղամթերքի վերամշակում, ավտոմեքենաների վերանորոգում, ձկնաբուծությունը, ինչպես նաև զբոսաշրջային վայրերում հետաքրքիր գաղափարների իրականացում:
«Իմ խորհուրդը մեր երիտասարդներին հետևյալն է, որ ձգտում ու հետաքրքրություններ ունենան, անիմաստ ժամանակ վատնելու փոխարեն մտածեն հետաքրքիր գաղափարների շուրջ, լավ մասնագետներ դառնան, զարգանան ու զարգացեն մեր շրջանը: Օրինակ՝ Ախալքալաքում այս պահին լավ տնտեսագետների և բիզնես ոլորտում կրեատիվ կադրերի կարիք կա, կարծում եմ, մեր ուսանողները սա հաշվի առնելով պետք է իրենց ուժերը կենտրոնացնեն և լավ մասնագետներ դառնան»,- ասում է նա:
Կարդացեք նաև՝ Բիզնես կառավարումը երիտասարդների մասնագիտական հետաքրքրության ոլորտ