Ախալքալաքի շրջանի գյուղերում սկսվել է առաջնահերթային աշխատանքների ընտրության գործընթացը, որոնք իրագործվելու են «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում:
Մարտի 9-ից շրջանի գյուղերում սկսեցին անցկացնել ժողովներ, դրանք ավարտվելու են մինչև 2015 թ. մարտի 22-ը: Ժողովների ընթացքում գյուղերը ընտրելու են այն աշխատանքները, որոնք ցանկանում են իրականացնել գյուղի ծրագրով հատկացված գումարով:
Հանդիպումների ընթացքում, որոնց ներկա են լինում նաև շրջանի Վարչության ներկայացուցիչները, գյուղի ակտիվը որոշում է, ինչ աշխատանքներ իրականացնել: Վարչության մասնագետները աշխատանքների ընտրությանը չեն միջամտում, այլ միայն ուղղություն և խորհուրդ են տալիս:
«Օգնություն գյուղին ծրագրի» հատկացված գումարը չի թույլատրվում ծախսել դպրոցում աշխատանքներ իրականացնելու, գազատարի անցկացման և պետական նշանակության ճանապարհների վերանորոգման համար:
Այս ծրագիրը, կարելի է ասել, արդեն կատարվում է պարբերաբար և նախատեսված է գյուղի սոցիալական խնդիրների լուծման համար:
Այս տարի Ախալքալաքի շրջանին «Օգնություն գյուղին ծրագրից» հատկացվել է 1 067 601 լարի: Տվյալ գումարը գյուղերի մեջ բաժանվում է ըստ գյուղի բնակչության քանակի: 1 067 601 լարին բաժանվում է 64 գյուղերի միջև: Օրինակ՝ Գումբուրդո գյուղը, որը համարվում է երկրորդ խոշոր գյուղը ըստ բնակչության քանակի, կստանա 61 823 լարի, Վաչիանը՝ 51 872 լարի: Շրջանի ամենափոքր գյուղը՝ Ֆիլիպովկան կստանա 3 929 լարի:
Ժամանակը, որը հատկացված է առաջնահերթային աշխատանքների ընտրմանը, բավականին կարճ է նման մեծ շրջանի համար: Ամեն օր Վարչության մասնագետները մասնակցում են 5-6 գյուղերի ժողովներին:
Ըստ տնտեսության զարգացման և գույքի ղեկավարման մասնագետ՝ Վահան Բաթոյանի խոսքերի, նրանք յուրաքանչյուր օրվա վերջում քննարկում են գյուղերում ընտրված աշխատանքները:
«Անցյալ տարի շատ սխալներ կային նախահաշիվներում, աշխատանքների տեսակները ճիշտ չէին գրված, ծրագիրն էլ ուշ սկսեցին: Այս տարի ուզում ենք, որ այդպես չլինի», – ասում է Վահան Բաթոյանը:
Հանդիպումներից հետո կազվմելու են աշխատանքների նախահաշիվները: Սակայն դեռ հայտնի չէ, հայտարարվելու է աշխատանքների կատարման և նախահաշվարկների կազմման տենդեր, թե իրականացվելու է ուղղակի պայմանագրով:
Եթե պլանավորումը նորմալ կատարվի, ապա ըստ տնտեսության զարգացման և գույքի ղեկավարման մասնագետի, արդեն մարտ–ապրիլ ամիսներին կսկսվի աշխատանքների իրականացումը:
Շուշան Շիրինյան