Ըստ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Արթուր Մկոյանի կնոջ՝ Մինա Մկոյանի խոսքերի, Ախալքալաքում քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածով: Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեն և նրա աշխատակիցները մեղադրվում են սեռական ոտնձգությունների և ապօրինի ազատազրկման մեջ: Jnews-ը տեղեկությունը ճշտում է Վրաստանի դատախազությունից։
Մինա Մկոյանն օգոստոսի 29-ին դիմել էր Վրաստանի գլխավոր դատախազություն: Նրա խոսքով, իր դիմումի հիման վրա հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով:
Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի առաջին մասը ենթադրում է՝ ազատությունից ապօրինի զրկում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով, ինչպես նաև զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի գիշերը Ախալքալաքի ոստիկանությունից գնացել էին Արթուր Մկոյանի բնակարան, տունը խուզարկելու նպատակով, քանի որ կասկածներ ունեին, որ տանը զենք կար: Արթուր Մկոյանին ձերբակալել էին, դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և որպես վարչական պատիժ՝ դատապարտել 11 օր ազատազրկման։ Նրա կինը ամուսնու ձերբակալության և իր նկատմամբ սեռական ոտնձգության մեջ է մեղադրում Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեին:
Գործի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար Jnews-ը դիմել է Վրաստանի գլխավոր դատախազություն։
Այս թեմայով կարդացեք նաև՝
Ձերբակալություն Ախալքալաքում. Ոստիկանապետին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ
Ախալքալաքում ՄԱՇ անդամ Արթուր Մկոյանի կինը դիմել է գլխավոր դատախազություն
Արթուր Մկոյանին ազատազրկել են 11 օրով
Արթուր Մկոյանի կինը մեկնաբանում է ՆԳՆ-ի հրապարակած տեսագրությունը