Երիտասարդների շրջանում մասնագիտական ընտրության հարցում տնտեսագիտական ոլորտն առաջին շարքերում է: Ազգությամբ հայ շատ ուսանողներ սովորելով Վտաստանի տարբեր ԲՈՒՀ-երում ընտրում են էկոնոմիկան և բիզնես կառավարումը՝ մտածելով, որ աշխատողների պահանջը տվյալ ոլորտում բավականին բարձր է: Jnews-ը խոսել է տարբեր կուրսի ուսանողների հետ, իմանալու համար թե ի՞նչն է երիտասարդներին բերում հենց այս բաժին:
Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղից Մարգարիտա Ավետիսյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ֆակուլտետի բիզնես կառավարում բաժնի երրորդ կուրսում: Մարգարիտան Jnews-ին պատմել է, որ մասնագիտության ընտրության ժամանակ բժշկություն կամ բիզնես կառավարում տարբերակների միջև է ընտրություն կատարել:
«Սկզբում շատ դժվար էր կապված պետական լեզվի, նոր միջավայրին հարմարվելու հետ, բայց շատ արագ կարողացա հաղթահարել դրանք: Եթե անկեղծ, ապա սպասելիքներս շատ մեծ չեն այս մասնագիտությունից, ուզում եմ որոշ ժամանակ աշխատել պրակտիկա և փորձ ձեռք բերելու համար, իսկ հետագայում կփորձեմ համալսարանում ստացածս գիտելիքը կիրառել իմ բիզնեսը հիմնելու համար», – ասում է Մարգարիտան:
Նրա կարծիքով, եթե մարդ ցանկություն և կամքի ուժ ունենա, ապա ցանկացած վայրում կկարողանա հարմարվել և աշխատել:
«Խորհուրդ կտամ ընդունվելուց առաջ լավ մտածել և ամեն մանրուք հաշվի առնել: Ընտրածդ մասնագիտությունը պետք է քեզ հոգեհարազատ լինի, հետաքրքրի, որ ցանկություն ունենաս խորանալ և ուսումնասիրել այդ ոլորտը: Ոչ թ մասնագիտություն ընտրել բարեկամի խորհրդով»,- պատմում է Մարգարիտան:
Նրա կուրսում հայ ուսանողների թիվը բավականին մեծ է: Սակայն նրանցից շատերն ընթացքում փոխում են մասնագիտությունը, քանի որ ժամանակին մտածված ընտրություն չեն կատարել:
Ախալցիխեից Կրիստինա Սահակյանը ևս նույն բաժնի երկրորդ կուրսի ուսանող է: Հաշվապահության հանդեպ մեծ սերն է նրան այս բաժին բերել:
«Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ պետք է մասնագիտանա այն ոլորտում, որում իրեն ազատ է զգում և վստահ է, որ կկարողանա լավ աշխատել»:
Կրիստինան նշում է՝ դժվարություններն անխուսափելի են, անկախ ընտրած մասնագիտությունից: Իր ուսանողական կյանքից դեպք է հիշում, երբ դասախոսներից մեկի հետ խնդիր է ունեցել, քանի որ ազգությամբ հայ է, և խմբում լինելով միակ հայը միշտ հետին պլանում է զգացել իրեն, հաճախ վրացերենին լիարժեք չտիրապետելու պատճառով իմացածը չի կարողացել լիարժեք ներկայացնել, իսկ դասախոսն աջակցելու փոխարեն երբեմն նույնիսկ ծաղրել է:
Խավեթ գյուղից Քնարիկ Կարապետյանը Իլիայի պետական համալսարանի ուսանող է: Ֆինանսական գործեր բաժինն է ընտրել ծնողների խորհրդով, չի փոշմանել կատարած ընտրության համար, այս աշխատաշուկայում այս ոլորտի մասնագետների մեծ պահանջ կա:
«Ինչ վերաբերվում է մասնագիտությամբ աշխատելուն՝ չեմ կարծում, որ դժվար կլինի աշխատանք գտնելը, քանի որ բիզնես և ֆինանսական ոլորտն օր օրի զարգանում է, և միշտ էլ նոր կադրերի կարիք կլինի»:
Քնարիկը ցանկություն ունի մնալ Թբիլիսիում, քանի որ այնտեղ աշխատանքային հնարավորություններն ավելի մեծ են:
Ապագայում պլանավորում է սովորել ու աշխատել NEXIA TA-ում, ավելի խորն ուսումնասիրել միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվապահություն:
Ասում է, եթե իրեն հարցնեն՝ ընտրե՞լ թե ոչ տվյալ մասնագիտությունը, ապա կպատասխանի, եթե հետաքրքրված եք այդ ոլորտով, ուրեմն՝ ընտրեք: Եթե ընտրելու եք միայն նրա համար, որ պահանջարկը մեծ է և խոշոր գումարներ կարող եք վաստակել, ապա չսիրած գործով զբաղվելիս օրերից մի օր հոգնելու եք, քանի որ հետաքրքիր չէ այն, ինչ անում եք: