Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեի միջոցների հաշվին արդեն վերանորոգվել է Ախալքալաքի նախկին զինվորական ավանի №455 շենքի տանիքը, որը վթարային էր։ Աշխատանքներն ավարտված են։
№455 շենքի տանիքը 4 տարի է անմխիթար վիճակում էր, վերջին չորրորդ հարկի բնակարանները դատարկ էին, այնտեղ տեղադրում էին թասեր, որպեսզի մի կերպ կանխեին ջրի արտահոսքը դեպի ներքևի հարկեր։ Տան բնակիչները, բազմիցս օգնության խնդրանքով, դիմել էին քաղաքապետարան, սակայն նրանց միշտ մերժում էին, պատճառաբանելով միջոցների բացակայությունը։ Այս տարի իրավիճակը դարձել էր կրիտիկական: Բնակիչները կրկին դիմել էին քաղաքապետարան, ինչպես նաև ՝Jnews-ին։
«Գորոդոկում» բազմահարկ շենքի տանիքը վթարային վիճակում է
Սկզբում քաղաքապետարանից բնակիչների դիմումին պատասխանել էին, որ միջոցներ չկան, սակայն Jnews-ի նյութից հետո քաղաքապետարանի աշխատակիցները, կրկին վերանայելով շենքի վիճակը, գումար էին հատկացրել տանիքի վերանորոգման համար։ Այսօր այս շենքի բնակիչները շատ գոհ են շենքի տանիքի վերականգնումից և պատրաստվում են շնորհակալական նամակ հղել Ախալքալաքի քաղաքապետարանին։
Շենքի տանիքի վերականգնման տենդերը շահել է անհատ ձեռնարկատեր Մամիկոն Հովհաննիսյանը։ Քաղաքապետարանը հատկացրել է 60 000 լարի, ձեռներեցը տենդերը շահել է 52 000 լարիի չափով։
Աշխատանքներն արդեն ավարտված են, ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետի գործող պաշտոնակատար Արա Մովսիսյանի, աշխատանքներն ավարտված են, լավ են կատարված, բայց հանձնման-ընդունման ակտը դեռ ստորագրված չէ։