Ընդդիմության ծեծված ակտիվիստներն արդեն լավ են և գտնվում են Ախալքալաքում: Իսկ վաղը, նոյեմբերի 21-ին նախատեսվում է միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական քարոզարշավն Ախալքալաքում:
Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպից տուժած՝ Աշոտ Ռաիսյանի, Աբրահամ և Տիգրան Աբրահամյանների, Միխայիլ Աղաբաբյանի առողջական վիճակը նորմալ է: Նրանք արդեն Ախալքալաքում են:
«Մենք արդեն տանն ենք, ամեն ինչ կարգին է: Վաղը մեր նախագահը (խմբ. Գրիգոլ Վաշաձեն) կգա Ախալքալաք քարոզարշավի, քաղաքից և տարբեր գյուղերից մարդիկ կգան: Մենք չենք կոտրվել, հակառակը ավելի մեծ ուժերով շարունակելու ենք մեր պայքարը»,- ասաց Ախալքալաքում միավորված ընդդիմության թեկնածուի նախընտրական շտաբի պատասխանատու Աշոտ Ռաիսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ՄԱՇ-ի ակտիվիստների ու «Վրացական երազանքի» խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների և կողմնակիցների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որից հետո 4 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: