Ախալքալաքի նախկին զինվորական ավանի №455 բազմահարկ շենքի բնակիչները դժգոհում են, որ իրենց տան տանիքն անմխիթար վիճակում է, ջուրը լցվում է իրենց բնակարաններ ու շքամուտքեր։ Այս փուլում քաղաքապետարանը վերանորոգման համար միջոցներ չունի, բնակիչների դիմումը հաշվի կառնեն հետագայում դրամական միջոցների առկայության դեպքում։

Շենքը քառահարկ է, չորրորդ հարկում բնակարանները դատարկ են, այնտեղ թասեր են տեղադրել, որպեսզի մի կերպ թույլ չտան ջրի ներհոսքը դեպի ներքևի հարկեր։

shenq jur krish

Շենքի բնակիչ Արտուշ Սահարյանն ասում է, որ արդեն 4 տարի է, այս խնդիրը կա, իրենք ամեն տարի դիմում են քաղաքապետարան, սակայն տանիքը դեռ չի վերանորոգվել:

«Երբ քաղաքապետն Ունանյանն էր, այդ ժամանակ էինք դիմել, խոստացել էր, բայց չկատարեց խոստումը: Նա գնաց, եկավ մեկ ուրիշը, հիմա էլ ասում են, որ բյուջեում միջոցներ չկան: Անձրեւների ժամանակ հնարավոր չէ մուտք գործել շքամուտք, և, քանի որ ամբողջ շենքի չորրորդ հարկերը փակ են ու ոչ ոք այնտեղ չի ապրում, ջուրն արդեն հասնում է 3-րդ հարկ։ Շենքը փլվում է, տանիքն ամբողջությամբ հարկավոր է փոխել, նույնիսկ մասնակի վերանորոգումը չի օգնի, քանի որ այն շատ վատ վիճակում է»,- մեկնաբանում է նա։

Վերջին անգամ այս տան տանիքը վերանորոգվել է 2006 թվականին, այսինքն՝ ավանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամանակ։

Ըստ նույն շենքի բնակիչ Զուրա Մելիքիձեի, իրենք վերականգնողական աշխատանքների վերջին մերժումը քաղաքապետարանից ստացել են 10 օր առաջ։

«Այնպես է ստացվել, որ վերևի հարկերում ոչ ոք չի ապրում, փակել են ու գնացել, բա կարելի է այդպես, թող ապրեն կամ գոնե հետևեն բնակարաններին, ծակերը փակեն, թասեր դնեն, արդեն անհնար է ապրել, ջուրը քանդել է ամբողջ շենքը»,- ասում է Զուրա Մելիքիձեն։

shenq jur vtar

Իրենց միջոցներով բնակիչները չեն կարող տանիքը փոխել, թանկ է:

«Բնակիչներից ոչ ոք փող չի ուզում և չի կարող տալ, 50-ական լարի չկարողացանք հավաքել ջրի խողովակների վերանորոգման համար, ոչ ոք չտվեց: Ջրագիծը նույնպես վատ վիճակում է»,- ասում է Արտուշ Սահարյանը։

Նախկին զինվորական ավանի շենքերի տանիքներից շատերը, ինչպես նաև ջրահեռացման և կոյուղու համակարգերը անմխիթար վիճակում են։ Թիվ 488 տան վերջնահարկի բնակիչ Ռևազ Ալելիշվիլին դժգոհում է, որ իր տան տանիքը նույնպես անմխիթար վիճակում է, տանիքը մասամբ վերանորոգված է, բայց այն երկար չի դիմանա։

shenq vtar

«Տանիքի մի մասը վերանորոգված է, մյուս մասը՝ ոչ, շատ թույլ է, վրան անցքեր կան, բացի այդ՝ տանիքը հեղեղատարներ չունի»,- ասում է Ռևազ Ալելիշվիլին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը մեկնաբանեց, որ մունիցիպալիտետն այժմ միջոցներ չունի, բայց իրենք տեղյակ են շենքերի վիճակի մասին, և երբ միջոցներ հայտնվեն բյուջեում, հաշվի կառնեն շենքի բնակիչների դիմումները: