Փետրվար ամսից Ախալքալաքի հասարակական ծառայությունների գործակալությունը սոցիալական գործակալ չունի: Բազմաթիվ ընտանիքներ, որոնք գոյատևում են սոցիալական օգնությունից ստացած գումարով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում: Ախալքալաքի հասարակական ծառայությունների գործակալությունում չեն կարողանում նշել, թե ե՞րբ կունենան սոց. գործակալ:
Ախալքալաքից Զոյա Թորոյանն ու իր ամուսինը հաշմանդամություն ունեն, անչափահաս երեխա են մեծացնում: Սոցիալական օգնությունն այս ընտանիքի համար առավել անհրաժեշտ է, քան երբևէ, քանի որ համաճարակի պատճառով չեն կարողացել աշխատել և հիմա էլ շարունակում են անգործ մնալ:
«Ես և ամուսինս հաշմանդամ ենք, երկուսս էլ հաշմանդամության թոշակ ենք ստանում, դրա հետ մեկտեղ ստանում էինք նաև սոցիալական օգնություն, բայց անցած տարի այնպես ստացվեց, որ ամուսինս հինգ ամիս բացակայեց երկրից, Հայաստանում էր, օգնություններս կանգնեցրին։ Դիմեցի սոցիալական ծառայությանը, եկան ստուգեցին, իմը՝ վերականգնեցին, ամուսնունս՝ ոչ։ Նոյեմբերին ամուսինս վերադարձավ Վրաստան, անցավ երեք ամիս օգնությունս նորից կանգնեցրին, պատճառաբանելով, որ ինքը երեք ամիս է ինչ մտել է երկիր և իրենք չեն կարող դիմում գրել», – պատմում է Զոյան։
2020 թվականի փետրվարին Թորոյանները նորից են դիմում գրել, որ գնան ստուգեն իրենց սոցիալական վիճակը, սակայն մինչ օրս ոչ ոք ստուգման չի գնացել։
«Գնում ասում եմ, իսկ նրանք ասում են, որ մենք սոց․ աշխատող չունենք, ում ուզում եք դիմեք, ում ուզում եք բողոքեք։ Մարտ ամսից օգնություն չեմ ստացել, հնարավո՞ր է այդպես ապրել: Ասացին, որ իմը ժամանակավոր է դադարեցված, մինչև աշխատող չունենան չեն կարող վերականգնել։ Բայց հիմա պետության կողմից ահագին առավելություններ կա, 65 000 միավորից մինչև 100 000 ունեցողներին որոշակի գումար են տալիս, մենք ոչ մի բանից չենք կարող օգտվել, բայց իմ միավորները 75 000 է, ինձ այդ գումարը հասնում էր։ Եվ քանի որ իմ օգնությունը կանգնեցրել են, միավորներս նույնպես չեղյալ է հայտարարված», – ընդգծում է Զոյա Թորոյանը։
Նույն պատճառաբանությամբ Թորոյանները չեն ստանում նաև երեխայի սննդի գումարը։
Օրջա գյուղի բնակիչ Ժանետա Մկոյանը նույնպես արդեն 9 ամիս է սոցիալական օգնություն չի ստանում: Միայնակ տարեց կինն ամեն օր սպասում է, որ սոցիալական գործակալը ստուգման կգնա և վերջապես կվերականգնվի իր օգնությունը:
«Եկավ մի տղամարդ, ինչ որ բաներ գրեց, ու դրանից հետո էլ օգնություն չեմ ստանում։ Գյուղապետին ասացի, գնացել դիմել էր, ասել էին, որ արդեն ահագին ժամանակ է անցել և պետք է նոր ստուգում անցկացնեն, որ նորից նշանակեն։ Հիմա սպասում եմ, բայց չկան, ոչ մեկ չի գալիս», – ասում է Ժանետա տատին։
Ախալքալաքի հասարակական ծառայությունների գործակալությունը 2020 թվականի փետրվար ամսից սոցիալական աշխատող չունի: Գործակալության տնօրենը վստահեցնում է, եթե խնդիրն իր լիազորությունների շրջանակում լուծելի լիներ, ինքը վաղուց դա կաներ:
«Ես չորս թեկնածու ընտրել եմ, երկու՝ ավագ գործակալ, երկու՝ սոց․ գործակալ, նրանց թեկնածությունն ուղարկել եմ Թբիլիսի։ Այսքան ժամանակ կորոնավարակի պատճառով չէին կանչում քննության, Թբիլիսին պետք է քննությունն ընդունի ու ուղարկի։ Կամ ուրբաթ, կամ երկուշաբթի թեկնածուներից մեկն արդեն կգնա քննության: Քննություն կհանձնի, եթե անցավ՝ լավ, եթե չանցավ՝ ես ոչինչ չեմ կարող անել։ Առանց քննության հնարավոր չէ, ես հույս ունեմ, որ կհանձնի քննությունը։ Կարող են կամաց-կամաց կանչել քննության, կամ արագացնելու համար կարող է քննությունները Ախալցիխեում նշանակել», – ասում է Ախալքալաքի սոցիալական ծառայությունների գործակալության տնօրեն Իրոդիոն Գոգոլաձեն։
Վերջինս նշում է, որ Նինոծմինդան էլ չուներ սոցիալական աշխատող, բայց վերջերս արդեն նշանակվել է: Ախալքալաքի սոցիալական ծառայությունների գործակալության տնօրենը Նինոծմինդայի աշխատակցին խնդրել է, որ Ախալքալաքում գոնե չորս հոգու տուն այցելի։
«Նինոծմինդայում 350 մարդ սպասում է, որ գնան ստուգեն, իսկ Ախալքալաքում՝ 200 հոգի, ես չեմ կարող միշտ այնտեղից կանչել։ Ասացի, որ Ասպինձայից նույնպես գան, սակայն պատասխանեցին, որ լեզուն չգիտեն, ինչպես պետք է աշխատեն», – հավելում է Իրոդիոն Գոգոլաձե:
Jnews-ը առաջիկա հրապարակումներում իր ընթերցողին կներկայացնի Գործակալության պարզաբանումը, թե ինչո՞ւ է ձգձգվում սոցիալական աշխատողների նշանակումն Ախալքալաքում, երբ համաճարակի պատճառվ հարյուրավոր ընտանիքներ մնացել են սոցիալական օգնության հույսին, որն էլ աշխատող չինելու պատճառով սառեցվել է:
Գայանե Ակոջյան