Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Վրաստանում մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Առավոտյան Ախալքալաքի դպրոցների շրջակայքում կրկին աշխուժություն էր տիրում․ աշակերտները շտապում էին դպրոց, իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի 525 առաջին դասարանցիների համար այս օրն առանձնահատուկ էր: Նրանք առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմը։ Ախալքալաք քաղաքում առաջին դասարան է գնացել 183 երեխա։
Այսօր հատկապես գեղեցիկ էին առաջին դասարանցիները՝ նոր դպրոցական համազգեստներով, ծաղկեփնջերով և փոքր-ինչ շփոթված դեմքերով։ Ախալքալաքի դպրոցներում նրանց համար տոնական միջոցառումներ էին կազմակերպվել։ Ավանդույթի համաձայն՝ ուսումնական առաջին օրը երեխաները երգեցին, պարեցին, ասմունքեցին մայրերին ու ուսուցիչներին նվիրված բանաստեղծություններ, ստացան շնորհավորանքներ, բարեմաղթանքներ և նվերներ ավագ դասարանների աշակերտներից։
Դպրոցական առաջին օրվա մեկ այլ ավանդույթ է խորհրդանշական առաջին զանգը։ Առաջին դասարանցիները հերթով հնչեցնում են դպրոցական զանգը, որից հետո սկսվում է նրանց առաջին դասը։
Շատ երեխաների համար այս օրը նոր իրականության հետ առաջին ծանոթությունն էր։ Երեկվա նախադպրոցականներն այսօր հայտնվել էին դպրոցական դասարաններում․ ոմանք լաց էին լինում, ոմանք ակտիվորեն ծանոթանում էին դասընկերների հետ, իսկ ոմանք հետաքրքրությամբ ուսումնասիրում էին նոր շրջապատը։ Նրանց առջև դպրոցական կյանքի 11 տարին է։
Ավանդույթի համաձայն՝ առաջին դասարանցիները նաև ստացել են իրենց առաջին համակարգիչը, որը պետք է դառնա նրանց ուսուցման գործիքներից մեկը։
Այս տարի Ախալքալաքի հինգ հանրային դպրոցներում գրանցվել է 183 առաջին դասարանցի։ Ընդհանուր առմամբ, մունիցիպալիտետում առաջին անգամ դպրոց է գնացել 525 երեխա։
Ախալքալաք քաղաքի թիվ 1 հանրային դպրոցում առաջին ուսումնական տարին մեկնարկել է 26 աշակերտի համար։
Թիվ 2 հանրային դպրոցն ընդունել է 80 առաջին դասարանցու։
Ախալքալաքի թիվ 3 դպրոցում ուսումնական տարին մեկնարկել է 19 առաջին դասարանցիներով, որոնք այսօր սկսել են իրենց ճանապարհը դեպի դպրոցական կրթության աշխարհ։
Թիվ 4 հանրային դպրոցը համալրվել է 45 առաջին դասարանցով։
Թիվ 5 հանրային դպրոցն այս տարի 13 առաջին դասարանցի ունի։
Միևնույն ժամանակ, մունիցիպալիտետի ոչ բոլոր դպրոցներում է ուսումնական առաջին օրը մեկնարկել ավանդական առաջին զանգով։ Այս տարի այն չի կազմակերպվել Ափնիա, Բալխո, Մեծ Սամսար, Թախչա, Մոդեգամ և Մուրջախեթ գյուղերի դպրոցների, ինչպես նաև Հոկամ գյուղի թիվ 2 հանրային դպրոցի առաջին դասարանցիների համար։
Որոշ աշակերտների համար այսօր պարզապես հերթական ուսումնական տարին սկսվեց, իսկ մունիցիպալիտետի 525 երեխաների համար՝ կյանքի բոլորովին նոր փուլ։ Առաջին դասարան, նոր ընկերներ, առաջին դաս և դպրոցական առաջին տպավորություններ, որոնք նրանցից շատերը կհիշեն ամբողջ կյանքում։






































