նորություններ 15 Սեպտեմբերի, 2026 • Նախկին թիվ 1 զինվորական ավանի խաղահրապարակը վտանգավոր է երեխաների համար

Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակիչների համար խաղահրապարակը երեխաների ամենասիրելի վայրերից մեկն է։ Սակայն այսօր այդ տարածքի վիճակը մտահոգում է ծնողներին։ Բնակչուհի Աննա Ռաիսյանը Jnews-ին ահազանգել է խաղահրապարակի անմխիթար վիճակի մասին՝ նշելով, որ վերջերս այստեղ վնասվել է իր 4-ամյա երեխան։

IMG_2479

Բնակչուհու խոսքով՝ խաղահրապարակի որոշ հատվածներ և խաղային կառույցներ բարեկարգման կարիք ունեն, ինչն անհանգստացնում է հատկապես այն ծնողներին, ովքեր ամեն օր իրենց երեխաներին բերում են այստեղ խաղալու։

IMG_2476

Խնդիրը միայն խաղային կառույցների վիճակը չէ։ Տարածքում աղբաման չկա, ինչի հետևանքով աղբը հաճախ մնում է հենց խաղահրապարակի տարածքում։ Երեխաների համար նախատեսված վայրը, որը պետք է լինի մաքուր և անվտանգ, երբեմն վերածվում է աղբավայրի։

IMG_2474

Jnews-ը Ախալքալաքի խաղահրապարակների բարեկարգման հարցերով զրուցել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Արա Մովսեսյանի հետ։ Նրա խոսքով՝ նախկին թիվ 1 զինվորական ավանի համար նախատեսվում է նոր խաղահրապարակի կառուցում և այս պահին նախագծի ծրագրման աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Նոր խաղահրապարակ նախատեսվում է կառուցել, ապագա խաղահրապարակի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն ներկայիս խաղահրապարակի վիճակի մասին տեղյակ չեմ, անպայման այս երկու օրերի ընթացքում կհետաքրքրվեմ և կփորձենք հնարավորինս բարեկարգել»,– ասաց Արա Մովսեսյանը։

Նոր խաղահրապարակի կառուցումը դեռևս ապագայի ծրագիր է, մինչդեռ գործող տարածքից այսօր էլ օգտվում են երեխաները։ Բնակիչների համար կարևոր է, որ մինչև նոր տարածքի կառուցումը գործող խաղահրապարակը հնարավորինս անվտանգ և մաքուր պահվի։

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 28-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը 60 հազար լարի էր նախատեսել մունիցիպալ գույքի՝ զբոսայգիների, մարզադաշտերի և այլ օբյեկտների վերանորոգման համար։ Սակայն, Արա Մովսիսյանի փոխանցմամբ, այս ծրագիրն այս պահին անորոշ վիճակում է, և հնարավոր է չեղարկվի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝