Կումուրդո (Գումբուրդո) գյուղի մանկապարտեզը, ըստ շինարարների, շահագործման կհանձնվի մեկ շաբաթից։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը նախատեսում է մանկապարտեզը բացել հոկտեմբերի վերջին։

Մանկապարտեզում ներքին նորոգման աշխատանքներն ավարտված են, մնում է գույքի տեղադրումը և կահավորումը։

Բակում ասֆալտապատման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Շինարարի խոսքով, երեկ, սեպտեմբերի 23-ին պետք է սկսեին եզրաքարերի տեղադրումը բակում և ասֆալտապատումը, խոստանում են մեկ շաբաթում ավարտել բոլոր աշխատանքները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, Միավորման բյուջեով Կումուրդոյի մանկապարտեզի ծախսերը նախատեսված էր տարեսկզբին։ Շուտով կհայտարարվի գույքի և կահույքի տենդերը, իսկ սպասքի գնման տենդերն արդեն հայտարարված է։

Սպասքի գնման տենդերը հայտարարվել է ոչ միայն Կումուրդոյի մանկապարտեզի, նաև այլ մանկապարտեզների համար։

Անահիտ Ասատուրյանի խոսքով, աշխատողների հետ ևս խնդիրներ չկան, գյուղից շատ դիմումներ ունեն.

«Ընդհանրապես թափուր աշխատատեղերի մասին մենք այլեւս չենք հայտարարում: Գյուղից բազմաթիվ դիմումներ ենք ստացել: Չգիտեմ, թե երբ կլինի մրցույթը, դա կախված է տենդերներից, քանի որ դրանք կարող են չկայանալ, ուստի չեմ կարող հստակ ասել։ Մենք նախատեսում ենք մանկապարտեզը բացել հոկտեմբերի վերջ, բայց մեկ շաբաթից ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց նա։

Կումուրդո գյուղում մանկապարտեզը սկսել են կառուցել 2020 թվականին։ Այն նախատեսված է մոտավորապես 100-120 երեխայի համար։

Կումուրդո գյուղում մանկապարտեզի շենքը կառուցում էր «Նիկա» ՍՊԸ-ն՝ 2020 թվականին շահելով տենդերը։ Աշխատանքները պետք է հանձնվեին 2021 թվականի վերջին։ 2021 թվականի նոյեմբերից ընկերությունը դադարել էր աշխատել, ինչի պատճառով պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար տուգանվել էր 15 000 լարիով։ Դրանից հետո մանկապարտեզի շահագործման ժամկետները մի քանի անգամ երկարացվել էին։

Կումուրդոյի մանկապարտեզի շինարարությունը պետք է մինչև հունիսի վերջ ավարտվի

Կումուրդոյի մանկապարտեզի շահագործման ժամկետը կրկին երկարացվել է

Կրկին չտեղավորվեցին. Կումուրդոյի մանկապարտեզի կառուցումը ձգձգվում է