նորություններ 12 Հուլիսի, 2026 • Վարևանում նշվեց Սուրբ Խնկանիոսի օրը

Երեկ՝ հուլիսի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղում նշվեց Սուրբ Խնկանիոսի օրը։ Այս տարի տոնակատարություններին ներկա էին կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, հոգևորականներ Հայաստանից և Ջավախքից, բազմաթիվ հյուրեր և հավատացյալներ։

varevan4

Երեկ օրհնվեց նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան վերևի քարի վրա վերջերս փորագրված Աստվածածնի պատկերը։

varevan7

Այս տարի տոնակատարությունը մեծ թվով հավատացյալների, հյուրերի և կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների էր հավաքել մեկ տեղում։ Տոնակատարություններին մասնակցելու համար գյուղ էր եկել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Նորին Սրբություն Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը։ Նրան ուղեկցում էին հոգևորականներ Հայաստանից և Ջավախքից։

varevn10

Սուրբ Խնկիանիոսի հիշատակի օրը նշվում է ամեն տարի, հուլիսի երկրորդ կիրակի օրը։ Տեղացիների խոսքով, տոնը տարիների ընթացքում տարբեր կերպ է նշվել՝ երբեմն համեստ, երբեմն՝ մեծ թվով հյուրերով և հանդիսավոր ծրագրով։ Այս տարի գյուղի բնակիչների և հյուրերի համար կազմակերպվել էր տոնական համերգ և հյուրասիրություն։

Վարևանը կաթոլիկ գյուղ է։ Այստեղ ժամանակին ապրել են նաև հույներ և վրացիներ, սակայն այսօր, ըստ տեղացիների, մնացել են միայն հայեր և մի քանի վրացի ընտանիքներ։

varevan2

Տոնական միջոցառումները սկսվեցին 1843 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված հանդիսավոր Պատարագով, որն անցկացրեց Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը։ Պատարագին մասնակցում էին նաև արժանապատիվ Տեր Հայր Ռուբենը, Տեր Հայր Անդրեյը, Տեր Հայր Միքայելը և Տեր Հայր Անտոնը։

Տոնին մասնակցելու էին եկել Ախալքալաքի մունիցիպալիտետի այլ կաթոլիկ գյուղերի բնակիչներ, այդ թվում՝ Ալաստանից, Տուրցխից և Բավրայից։ Գյուղը մարդաշատ էր ու տիրում էր տոնական տրամադրություն։

varevan8

Ծնունդով Տուրցխ գյուղից Լևոն Ավետիսյանը Ռուսաստանից հատուկ եկել էր Տեր Գեւորգ Նորատունկյանի հետ հանդիպելու։

«Ես նրան անձամբ ճանաչում եմ, և երբ իմացա, որ այսօր այստեղ է լինելու, եկա»,- ասաց Լևոն Ավետիսյանը։

Պատարագից հետո հոգեւորականներն ու հավատացյալներն այցելեցին եկեղեցու մոտ գտնվող Սուրբ Խնկանիոսի գերեզմանը։ Այնտեղ նրանք մոմ վառեցին և օրհնեցին։

Սրբի գերեզմանն այսօր մատուռ է և դառել է ուխտատեղի։

varevan1

Վարևանի բնակիչ Հարություն Ազարյանը պատմեց Սուրբ Խնկանիոսի կյանքի մասին։

Նրա խոսքերով, 1725-1730 թվականներին Խնկանիոսը բազմիցս փրկել է Կարնո շրջանի (այժմ՝ Թուրքիայի տարածք) հայերին, վերաբնակեցրել է Ջավախքում, տեղավորել տեղի գյուղերում։

«Երբ նա ծերանում է, որոշում է գտնել մի վայր, որտեղ կարողանա խաղաղ անցկացնել իր կյանքի վերջին տարիները։ Նա շրջում է բոլոր այն գյուղերը, որտեղ վերաբնակեցրել էր հայերին և, վերջում, ընտրում է Վարևանը։ Նրան լավ են ընդունում բոլոր գյուղերում, բայց Վարևանի բնակիչները նրան ավելի ջերմորեն են ընդունում։ Նա հենց այստեղ էլ մնում է ապրելու։ Նրա մահից հետո բնակիչները նրան թաղում են եկեղեցու կողքը և կառուցում մատուռ։ Ժամանակի ընթացքում այն քանդվում է, բայց 1965 թվականին Ալաստանից մի քահանա վերականգնում է այն։ Մատուռը մինչ օրս գործում է», — պատմեց Հարություն Ազարյանը։

Բնակիչների խոսքով, Սուրբ Խնկանիոսի տոնն ամեն տարի նշելու ավանդույթը վերածնվել է 1990-ականներին։ Սակայն, տոնակատարությանն, այսքան մեծ թվով բարձրաստիճան հոգևորականներ ոչ ամեն տարի են հավաքվում։

varevan3

Մատուռ այցելելուց հետո տեղի ունեցավ տոնական համերգ։ Հավաքվածներին ողջույնի խոսքով դիմեց արքեպիսկոպոս Գևորգ Նորատունկյանը։

«Հուսով եմ, որ այս գյուղի երիտասարդության մեջ կլինեն մարդիկ, ովքեր կնվիրվեն կաթոլիկ եկեղեցուն ծառայելուն։ Մենք եկեղեցին պահպանում ենք օրհնության ու ապավինելու շնորհիվ», — ասաց Հայր Գևորգ Նորատունկյանը։

varevan5

Տոնական ծրագրի ընթացքում հյուրերին պատմեցին Սուրբ Խնկանիոսի կյանքի և գործունեության մասին, որին հաջորդեցին Վարևան գյուղի պարային խմբերի ելույթները։ Պարային խմբերի ղեկավարն էր Սիրանուշ Հակոբյանը, իսկ պարուսույցը՝ Մանվել Սահարյանը։

varevan6

varevan9

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝