Ջավախքի Օլավերդ գյուղում գործող փոքրիկ հյուրատունն այսօր դարձել է մի վայր, որտեղ հաճախ կանգ են առնում աշխարհի տարբեր երկրներից ժամանած ճանապարհորդներ։ Նրանցից ոմանք գալիս են հատուկ Աբուլ լեռը հաղթահարելու համար, մյուսները՝ տեսնելու Լևանա լիճը, իսկ շատերն էլ պարզապես անցնում են այս ճանապարհով և որոշում են գիշերել գյուղում։
Առաջին հայացքից սա սովորական հյուրատուն է, սակայն իրականում այն ցույց է տալիս, թե ինչ մեծ ներուժ ունի Ջավախքում տուրիզմը։
Վերջին տարիներին ակտիվ զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։ Լեռնագնացները, հեծանվորդները, բնության սիրահարներն ու արշավականները փնտրում են նոր ուղղություններ, իսկ Ջավախքն իր հրաբխային լեռներով, լճերով, մաքուր օդով և անաղարտ բնությամբ կարող է դառնալ հենց այդպիսի ուղղություններից մեկը։
Սակայն միայն գեղեցիկ բնությունը բավարար չէ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղի հյուրատան սեփականատեր Հովիկ Գիլոյանի հետ զրուցել ենք՝ ինչպես Օլավերդում, այնպես էլ ամբողջ Ջավախքում տուրիզմի զարգացման մեր ունեցած պոտենցիալի ու խնդիրնեդի մասին։
«Չնայած Ջավախքն ունի բացառիկ զբոսաշրջային ներուժ, ոլորտի զարգացման ճանապարհին դեռևս բազմաթիվ խոչընդոտներ կան։ Ամենամեծ խնդիրներից մեկը ճանապարհային ենթակառուցվածքներն են։ Օլավերդ տանող ճանապարհն անցած տարի է կառուցվել, ինչի ֆոնի վրա էլ զգում ենք տուրիստական ակտիվություն, մինչ այդ, եթե ունենում էինք մի քանի արտասահմանցի հյուր, օնլայն հարթակում հյուրանոցի մասին կարծիք գրելիս անպայման շեշտում էին, որ դժվար է հասնել այստեղ, քանի որ ճանապարհը դժվարանցանելի է», — ասում է Հովիկ Գիլոյանը։
Նա նաև հավելում է, որ դեպի Աբուլ լեռ ու Լևանա լիճ ձգվող ճանապարհների մի մասը վնասված է, դժվարանցանելի։ Շատ զբոսաշրջիկներ, հատկապես սեփական ավտոմեքենաներով ճանապարհորդողները, պարզապես հրաժարվում են այցելությունից՝ ճանապարհի վիճակի մասին տեղեկանալուց հետո։
Տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ են հյուրատներ, սննդի կետեր, տեղացի գիդեր, տրանսպորտային ծառայություններ, քարտեզներ, տեղեկատվական ցուցանակներ և լավ ճանապարհներ։ Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, որը գիշերում է գյուղում, գումար է թողնում ոչ միայն հյուրատանը, այլև համայնքի տնտեսության մեջ՝ օգտվելով տարբեր ծառայություններից։
Jnews-ը հարցումներ է անցկացրել Օլավերդ գյուղում, փորձելով հասկանալ, թե ինչպես են վերաբերվում գյուղի բնակիչները զբոսաշրջությունը գյուղում զարգացնելու համար որևէ տուրիստական խանութ կամ սննդի կետ բացելուն։ Բնակիչները մեծամասամբ դեռևս չեն հավատում, որ գյուղում փոքրիկ հուշանվերների խանութ ունենալը, կամ սննդի կետ բացելը կարող է շահավետ լինել։
«Դեռևս չկա տուրիստական այնպիսի հոսք, որի համար բիզնես սկսես, հիմա ջահելները ձգտում են մեծ քաղաքներում գործ գտնել», — ասում է Աշոտ Կարախանյանը։
«Տուրիստները շատ չեն, ոչ մի բան հիմա չի աշխատի, ներդրում անելը իմաստ չունի», — ասաց գյուղի մեկ այլ բնակիչ։
Այսպիսով, կարելի է ասել, որ Ջավախքում տուրիզմի զարգանալը բախվում է մի շարք խնդիրների։ Ջավախքի մասին տեղեկատվությունը միջազգային շուկայում դեռևս սահմանափակ է, ճանապարհային և զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացման կարիք ունեն, իսկ տեղացիներից շատերը դեռ չեն դիտարկում տուրիզմը որպես կայուն բիզնեսի հնարավորություն։
Սակայն Օլավերդի հյուրատան օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ փոքր նախաձեռնությունը կարող է դառնալ հաջողված բիզնես, եթե կարողանաս ճիշտ ներկայացնել տարածաշրջանի առավելությունները։ Նման օրինակները կարող են ոգեշնչել նաև մյուս բնակիչներին՝ ստեղծելու նոր հյուրատներ, սրճարաններ, ֆերմերային փորձառություններ կամ արշավային ծառայություններ։
Օլավերդի հյուրատան սեփականատեր Հովիկ Գիլոյանը պատմում է, թե ինչով են զբաղվում իրենց մոտ այցելող զբոսաշրջիկները։
«Մարդիկ կան պարզապես նստում են դրսում և ուղղակի հանգստանում են՝ դիմացի գեղեցիկ բնապատկերներով հիանալով, մարդիկ էլ կան շրջում են գյուղում, ծանոթանում են բնակչության հետ, մեր ադաթների հետ։ Օրինակ՝ Սուրբ Զատիկի տոնին հյուրեր ունեինք, ովքեր մեծ հետաքրքրությամբ նույնիսկ տներն էին այցելում տեսնելու, թե մենք ինչպես ենք նշում Սուրբ Զատիկը։ Ունեցել ենք նաև հյուր, որ ցանկացել է կով կթել»։
Զբոսաշրջիկների կողմից հետաքրքրություն կա, սակայն չկա տարվող աշխատանք մեր ունեցածը գեղեցիկ ներկայացնելու։ Ջավախքը զբոսաշրջիկների պակաս չունի. այն ավելի շատ ունի ներկայացվածության և ներդրումների կարիք։ Իսկ յուրաքանչյուր հաջողված հյուրատուն, սրճարան, գյուղմթերքի և հուշանվերների խանութ ապացուցում է, որ ճիշտ մոտեցման դեպքում տուրիզմը կարող է դառնալ ոչ միայն համայնքի զարգացման, այլև մարդկանց հայրենի գյուղում ապրելու և աշխատելու կարևոր հնարավորություն։








