Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո (Գումբուրդո) գյուղի մանկապարտեզի շինարարությունը, ըստ պայմանագրի, պետք է ավարտվեր 2021 թվականի դեկտեմբերին, սակայն շինարարությունը դեռ չի ավարտվել։ Տուգանք ստանալուց հետո շինարարական կազմակերպությունը ստացել է նոր ժամանակացույց, ըստ որի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2022 թվականի հունիսի վերջ։ Ընկերությունը շինարարությունն ավարտին հասցնելու համար դեռ շատ անելիքներ ունի։

Jnews-ը երեկ՝ հունիսի 2-ին, այցելել է Կումուրդո գյուղի մանկապարտեզի շինհրապարակ։ Տեղում աշխատում էին 8 բանվոր, այնտեղ էին նաև շինարարական ընկերության երկու ներկայացուցիչները։ Երկու հոգի կառուցում էին կաթսայատան պատը, իսկ շենքի ներսում մի քանի բանվոր աշխատում էին։ Բանվորները տեղացի էին՝ Գումբուրդո գյուղի բնակիչներ:

gumburdo mankapartez

Շինության պատերը, տանիքը կառուցված են, ներսի հարդարումն ավարտված չէ, տեղադրվում է ջեռուցման համակարգ, սակայն շենքում դռները տեղադրված չեն, առաստաղը ավարտված չէ, հատակածածկը չի արված, ջրագիծն ու կոյուղագիծն անցկացված չեն, սանհանգույցը և խոհանոցը նույնպես պատրաստ չեն, արտաքին երեսպատումը դեռ բացակայում է։ Մանկապարտեզի բակը նույնպես պատրաստ չէ։

mankapartez gimbirda

Կապալառու «Զենաուրի» ընկերության աշխատանքների մենեջեր Ռոստոմ Գելաձեն ասում է, որ իրենք կհասցնեն ժամանակին ավարտել աշխատանքները, և որ իրենց խանգարել են եղանակային պայմանները:

«Ներսում ամեն ինչ ավարտված է, մնում են արտաքին աշխատանքները, վաղը 20 հոգի կլինի այստեղ և ամեն ինչ կավարտենք: Մեկ շաբաթից սանհանգույցն էլ պատրաստ կլինի, այսօր կավարտենք ջրագիծը: Տեղացիները չկարողացան բարձր որակով կատարել շենքի երեսպատումը: Մենք բանվորներ կբերենք Բաթումիից, և նրանք կշարունակեն»,- ասաց Ռոստոմ Գելաձեն։

mankapartez 1

Գումբուրդո գյուղում նախակրթարանի շենքը կառուցում է «Նիկա» ՍՊԸ-ն։ Կազմակերպությունը մանկապարտեզի կառուցման տենդերը շահել է 2020թ.-ին: Շենքը պետք է հանձնվեր 2021 թվականի վերջին։ 2020 թվականին տեղական բյուջեով մանկապարտեզի կառուցման համար հատկացվել էր 400 000 լարի, իսկ 2021 թվականին՝ 633 736 լարի, ընդհանուր գումարը կազմում է 1 033 736 լարի։ Ընկերությունը տենդերը շահել է 1 017 000 լարիի չափով։

2021 թվականի նոյեմբերից ընկերությունը դադարեցրել է աշխատանքը, ինչի պատճառով տուգանվել է 15 000 լարիով։

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, տուգանվելուց հետո իրենք նոր աշխատանքային գրաֆիկ են կազմել, 6 ամիս ժամանակ են տվել շինարարությունն ավարտելու համար՝ մինչև հունիսի վերջ։ Մակարյանն ասում է, որ իրենք կարող էին «Նիկա» ՍՊԸ-ին «սև ցուցակում» ընդգրկել, սակայն քննարկել և որոշել են, որ ավելի լավ է իրենք ավարտեն իրենց գործը, քանի որ կասկածում են, որ կիսատ աշխատանքները կստանձնի շարունակել մեկ այլ ընկերություն։

«Երկու օր առաջ ես այնտեղ էի և տեսա 13 բանվորի, շինանյութով մեքենա: Մենք, օրենքի համաձայն, իրավունք ունենք նրանց տուգանելու, եթե ժամանակին չհասցնեն: Նրանց կոնկրետ ժամկետ ենք տվել, եթե չհասցնեն՝ կտուգանենք և դրանից հետո իրավունք ունենք երկարաձգել ժամկետը, որ և աշխատեն և տուգանքը մուծեն: Մինչև աշխատանքները չավարտեն, գումարը չեն ստանա»,- ասաց Մելքոն Մակարյանը։

Տենդերային փաստաթղթերի համաձայն, «Նիկա» ՍՊԸ-ի աշխատանքները պետք է վերահսկեր անկախ փորձագիտական «Քրիզոլիտ» ընկերությունը։ Այս կազմակերպության ներկայացուցիչ Թոռնիկե Ախվլեդիանին կարծում է, որ ընկերությունը սահմանված ժամկետներում չի հասցնի ավարտել աշխատանքները:

«2 օր առաջ աշխատում էին մի քանի հոգի, բանվորների ղեկավարը ասաց, որ բրիգադ կբերի: Նա ասաց, որ կբերի իր տղաներին, նրանք կավարտեն շինարարությունը: Հինգ օր առաջ էլ մարդ չկար, տեղացիներից երկու հոգի էին աշխատում: Նրանք չեն հասցնի, նրաց նկատմամբ պատժամիջոցներ կան, նրանք գրաֆիկից հետ են մնացել, բայց կարծում եմ, որ ինչ-որ կերպ պետք է ավարտի: Եթե հայտնվի սև ցուցակում, ապա նրա համար դժվար կլինի աշխատել»,- ասաց Թոռնիկե Ախվլեդիանին։

Jnews-ն այս թեմային կանդրադառնա հունիսի վերջին։