Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում շարունակվում են գազիֆիկացման աշխատանքները: SJGC գազաբաշխիչ ընկերության տվյալներով, նախագիծն արդեն 60%-ով ավարտված է: Բնակիչները հույս ունեն, որ ձմռանն իրենց տներում կլինի բնական գազ, սակայն շատերը գազաֆիկացման արժեքը չափազանց բարձր են համարում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում ներկայումս կառուցվում է կենտրոնական գազատարը:
Բնակիչների մեծ մասի համար բնական գազ ունենալն երկար սպասված իրադարձություն է: Շատերը խոստովանում են, որ պատրաստ են վճարել գազաֆիկացման վճարը, միայն թե իրենց տներն էլ փայտով չտաքացնեն:
Գյուղացիների խոսքով, մեկ ընտանիքի համար գազաֆիկացման արժեքը կազմում է մոտավորապես 3000 լարի: Չնայած այս գումարի հետ կապված իրենց դժգոհությանը, շատերը նշում են, որ ամեն տարի առնվազն նույնքան գումար ծախսել են վառելափայտի համար:
«Գյուղում մոտ մեկուկես ամիս առաջ են սկսվել աշխատանքները։ Կարծում եմ, դրանք երկու ամսից կավարտվեն։ Մենք սկզբում 2500 լարի հավաքել ենք կենտրոնական գծի կառուցման համար, հետո ևս 200 լարի պիտի հավաքենք գլխավոր գծից մինչև տուն գազի միացման համար։ Հուսով ենք, որ գազաֆիկացումը կփոխի մեր կյանքի որակը։ Հիմա մենք վճարում ենք մոտ 3000 լարի, սակայն հետո կունենանք բնական գազ։ Կարծում ենք, ամսական ծախսը մատչելի կլինի», — ասում է գյուղի բնակիչ Գառնիկ Մոսիկյանը։
Սակայն, ոչ բոլոր գյուղացիները կարող են իրենց թույլ տալ վճարել գազաֆիկացման համակարգին միացման վճարը։
Գյուղի բնակիչ Մերուժան Եզոյանը կարծում է, որ պետությունը պետք է օգնի սոցիալապես անապահով քաղաքացիներին։
«Իմ մորաքույրը՝ Ալվարդ Միքայելյանը, 96 տարեկան է և ապրում է միայնակ։ Ինչպես կարող է նա մոտ 3000 լարի գումար վճարել միացման համար։ Դրա համար էլ նրան չեն միացնում գազը։ Պետությունը պետք է նրա նման մարդկանց գազն անվճար քաշի», — ասում է նա։
Միայնակ ապրող տարեց մի գյուղացի նույնպես նշեց, որ չի կարող միանգամից հավաքել անհրաժեշտ գումարը։
«Ես պետք է խնայեմ իմ հինգ ամսվա թոշակը, որպեսզի վճարեմ։ Այդ դեպքում ինչպես ապրեմ։ Ես ապրում եմ միայնակ, իսկ երեխաներս առանձին են ապրում։ Ես դեռ չեմ համաձայնվել վճարել։ Կվճարեմ, երբ գազը միացնեն տուն», — ասաց թոշակառուն։
Սուլդա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանը հայտնեց, որ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեծ են։
«Կարծում եմ, կենտրոնական խողովակաշարի կառուցումը կավարտվի մոտ տասը օրից։ Գյուղում կլինի մոտ 150 բաժանորդ։ Ինչ վերաբերում է միայնակ ապրող բնակիչներին, ինձ թվում է, ընկերությունն ինքը կորոշի, տալ նրանց որևէ արտոնություն թե չէ», — նշեց Զարզանդ Կուջոյանը։
«SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը հայտնեց, որ նախագծի ընդհանուր արժեքը գերազանցում է 6 միլիոն լարին։ Նրա խոսքով, Սուլդայում մոտ 150 ապագա բաժանորդներ վճարում են ընդհանուր առմամբ մոտ 400 հազ. լարի, մինչդեռ ընկերությունը հոգում է մնացած բոլոր ծախսերը։
«Մենք բնակիչներին չենք ասել, թե որքան գումար հավաքեն։ Մենք միայն տեղեկացրել ենք նրանց, որ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է հովանավորչական աջակցություն և նշել ենք ընդհանուր գումարը։ Իսկ թե ով կվճարի՝ հովանավորը, թե իրենք՝ բնակիչները պետք է որոշեին իրենք։ Բնակիչների հավաքածը նախագծի ընդհանուր արժեքի չնչին մասն է։ Որոշ գյուղեր ունեցել են հովանավոր, ուստի բնակիչները շատ քիչ են վճարել», — ասաց Վրեժ Բերիկյանը։
Միայնակ ապրող տարեց բնակիչների վերաբերյալ, ընկերության տնօրենը նշեց, որ այս հարցը դեռևս քննարկվում է։
«Մենք պետք է որոշենք, թե որքանով է անվտանգ միայնակ ապրող տարեց մարդկանց բնական գազ մատակարարելը և արդյոք նրանք կարող են անվտանգ օգտվել դրանից», — բացատրեց Բերիկյանը։
SJGC-ի տվյալներով, գազատարը մնում է անցկացնել Դադեշի խաչմերուկից մինչև Սուլդա՝ մոտավորապես 3 կիլոմետր տարածքը։
Ընդ որում, տները գազատար ցանցին միացնելը կսկսվի միայն, երբ ընկերությունը ստանա համապատասխան լիցենզիա։
«Աշխատանքների մոտ 60%-ն արդեն ավարտված է, մնում է ևս 40%-ը։ Մենք չենք կարող գազ մատակարարել տներին, մինչև լիցենզիա չստանանք։ Հիմա մենք պետք է քաղաքապետարանի հետ համատեղ լուծենք փաստաթղթային հարցերը, գրանցենք ցանցը, ապա, լիցենզիա ստանալու համար, դիմենք Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովին», — ասաց Վրեժ Բերիկյանը։
Սուլդա գյուղի բնակիչները ասացին, որ իրենց խոստացել են բնական գազը տներ մատակարարել հոկտեմբերին։
Հարկ է նշել, որ 2026 թվականին Սուլդայից բացի, Ախալքալաքի մունիցիպալիտետում գազաֆիկացվում են նաև Դադեշ և Բոզալի գյուղերը։



