Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղում բնակիչները խոսում են խմելու և ոռոգման ջրի պակասի, որոշ օբյեկտների վերանորոգման անհրաժեշտության և, ամենակարևորը, գյուղատնտեսական արտադրանքի իրացման դժվարությունների մասին։ Նրանք ասում են, որ ընտանիքների մեծ մասի բարեկեցությունը կախված է աճեցված բերքը վաճառելու հնարավորությունից։
Վարևան գյուղը Ախալքալաքի մունիցիպալիտետի կաթոլիկ գյուղերից մեկն է, որը գտնվում է Ախալքալաքից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Այն տիպիկ գյուղական բնակավայր է՝ իր առօրյա հոգսերով և խնդիրներով։
Զրույցի ընթացքում շատ բնակիչներ չէին շտապում խոսել իրենց դժվարությունների մասին։ Ոմանք նույնիսկ պնդում էին, որ գյուղը խնդիրներ չունի։ Սակայն, զրույցի աստիճանաբար զարգացմանը զուգընթաց, պարզ դարձավ, որ դրանք գոյություն ունեն, պարզապես որոշ գյուղացիներ համակերպվել և հանդուրժում են դրանք, մինչդեռ մյուսները դրանք համարում են նշանակալի, և համարում են որ դրանց մասին անհրաժեշտ է խոսել։
Բնակիչներից մեկի խոսքով, Վարևանի հիմնական խնդիրը խմելու և ոռոգման ջուրն է։ Գյուղում վերջերս նոր ջրագիծ է անցկացվել, սակայն ոչ բոլոր բնակիչներն են ապահովված ջրով։
«Մենք խնդիրներ ունենք և՛ խմելու, և՛ ոռոգման ջրի հետ։ Բնակիչները չեն կարողանում համաձայնության գալ միմյանց միջև. ոմանք ջուրն ամբողջ օրը միացնում են ու մյուսներին այն չի հասնում։ Եթե կարողանային ջուրը բաշխել հերթով, այն բոլորին կբավարարեր։ Բայց մարդիկ կամ չեն կարողանում, կամ չեն ուզում համաձայնության գալ», — ասում է տեղի բնակիչը։
Մեկ այլ բնակիչ կարծում է, որ խնդիրը ոչ միայն համաձայնության բացակայության, այլև նոր ջրամատակարարման ցանցի տեխնիկական թերությունների մեջ է։
«Ջրագծի համար օգտագործել են փոքր տրամագծի խողովակներ։ Դրա պատճառով ջուրը բավարար ճնշում չունի և չի հասնում բոլոր տներին», — նշում է նա։
Բնակիչները շեշտում են, որ գյուղացիների համար ամենամեծ աջակցությունը կլինի իրենց աճեցված բերքը վաճառելու հնարավորությունը։
«Եթե պետությունը գնի մեր արտադրանքը՝ կարտոֆիլ, գարի, ցորեն, դա մեզ մեծ օգնություն կլինի։ Մենք մեծ գումար և ջանքեր ենք ներդնում բերք աճեցնելու մեջ, բայց հետո չենք կարողանում վաճառել այն», — ասում է բնակիչներից մեկը։
Գյուղացիները նաև նշում են դպրոցի բարեկարգման անհրաժեշտությունը, գյուղի Մշակույթի տան վատ վերանորոգումը և մի շարք այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Սակայն, գրեթե բոլորը նշում են, որ հիմնական խնդիրը մնում է գյուղատնտեսական արտադրանքի կայուն շուկայի բացակայությունը:
Գյուղի բնակիչ Սասուն Աբաջյանը կարծում է, որ Վարևանն աստիճանաբար բարեկարգվում է, սակայն, եթե ընտանիքները չեն կարողանում ապահովել պատշաճ եկամուտ, դա բավարար չէ:
«Գյուղի հիմնական խնդիրն արտադրանքի իրացումն է: Այս տարի ես երկու հեկտար կարտոֆիլ են ցանել: Դեռ չգիտեմ, թե ինչ բերք կլինի. շատ բան կախված է եղանակից: Բայց ամենակարևորն այն է, որ մենք կարողանանք այն վաճառել: Յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցությունը կախված է նրանց եկամուտից, և գյուղացիների մեծ մասի եկամուտը բերքն է ու այն իրացնելու հնարավորությունը», — ասում է Սասուն Աբաջյանը:
Բերքահավաքի մասին խոսելիս բնակիչները քննարկում են նաև եղանակի քմահաճույքները, որոնք կարող են բացասական կամ դրական ազդեցություն ունենալ բերքի վրա: Վարևանի բնակիչները նաև հին լեգենդ են պատմում եղանակի մասին: Հարություն Ազարյանի խոսքով, հին ժամանակներում, երբ երկար ժամանակ անձրև չէր գալիս, ամբողջ գյուղը եկեղեցուց դուրս էր բերում Լուրդի Աստվամոր արձանը և շրջում այն գյուղով մեկ: Դրանից հետո, ինչպես ասում են վաղեմաբնակները, միշտ անձրև էր գալիս։
«Չգիտեմ՝ ճիշտ է դա, թե պարզապես լեգենդ է, բայց դա է մեզ պատմել են մեր պապերը։ Ասում են, որ մի գիշեր հարևան Ալաստան գյուղի բնակիչները գողանում են արձանը և տանում իրենց գյուղ։ Սակայն առավոտյան երբ բացում են եկեղեցու դուռն, այն եկեղեցում չի լինում, սկսում են փնտրել և տեսնում են, որ արձանը կրկին հայտնվել է Վարևանի եկեղեցում։ Ինչպես է այն հայտնվել այնտեղ, ոչ ոք չի կարողացել բացատրել», — պատմում է Հարություն Ազարյանը։
Սա գեղեցիկ լեգենդ է, որը գյուղում սերնդեսերունդ փոխանցվում է։ Սակայն այսօր Վարևանի բնակիչներն այլևս հույսը հրաշքի վրա չեն դնում, այլ իրենց առօրյա խնդիրների իրական լուծումների վրա՝ ջրով ապահովվում և այնպիսի պայմանների ստեղծում, որոնց դեպքում հավաքված բերքը հնարավոր լինի շահավետորեն իրացնել։





