Հոկտեմբերի 8-ը Ախալքալաքում. ընտրողների պասիվ ակտիվություն, անտարբեր ընտրություններ, ձախողված դիտորդներ, հուշարարները խցիկում, ինքնակառավարության ներկայացուցիչները՝ քարոզիչներ, լարված մթնոլորտ:
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանանական ընտրություններ էին: Վաղ առավոտյան Ախալքալաքի շրջանում ընտրողների բարձր ակտիվություն էր նկատվում: Բոլոր ընտրատարածքներում տիրում էր անսովոր աշխուժություն: Գրեթե բոլոր ընտրատարածքներում առաջին ընտրողները գրանցվել են 8:02 րոպեին, այսինքն մարդիկ վաղ առավոտից հերթ էին կանգնում իրենց քաղաքացիական պարտքը կատարելու: Ընտրություններին մասնակցած մարդկանց հիմնական մասը քվեարկեց առավոտյան ժամերին:
Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքում քվեարկության մասնակցեցին 26 153 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 50,45 տոկոսը, այնինչ քվեարկության իրավունք ունեին 51 843 ընտրող: Նախնական տվյալների համաձայն՝ Ախալքալաք-Նինոծմինդա ընտրական շրջանում ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը։ Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Մկոյանի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 15 731 մարդ (63,42%)։
Ընտրությունների օրը, որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ հատուկ միկրոավտոբուսներով մարդկանց բերում էին քվեարկության: Յուրաքանչյուր ավտոբուսի մեջ 1-2 հոգի հատուկ մարդկանց ուղորդում էին՝ ու՞մ ընտրել և ինչպե՞ս ընտրել: Ականատես եղանք, թե ինչպես երկու կանայք մեքենայի մեջ նստած ծերերին ասում էին՝ երկար թերթի վրա վերջին համարն եք ընտրում, իսկ կարմիր թղթի վրա նշում եք՝ Հենզել Մկոյանին: Գրեթե բոլոր գյուղերի լիազորները և պատգամավորները ընտրատեղամասի տարածքում անարգել ելումուտ էին անում և առանց թաքցնելու քարոզ իրականացնում: Շատ լիազորներ բացահայտ ասում էին, որ իրենց հրաման է եկել վերևից՝ բոլորին բերեն քվեարկության:
«Պարտադիր հրաման է, վերևից ասել են պետք է անենք, թե չէ բոլորը կարտոֆիլ են քանդում, ու՞մ պետքն է ընտրության գնալ: Մեքենաներ են տրամադրել մարդկանց տներից հատուկ բերում ենք»:
Խորհրդարանական այս ընտրությունների օրը Ջավախքում առանձնացան հետևյալ կերպ.
Առաջինը հոկտեմբերի 8-ին առավել ուշադրությամբ հսկում էին իրավապահ մարմինները, որպեսզի լարվածություն չառաջանա: Եթե առավոտյան բոլոր ընտրատարածքների մոտ ոստիկանության աշխատակիցները հանգիստ վերահսկում էին ընտրությունների ընթացքը, ապա երեկոյան Մառնեուլի հայտնի դեպքերից հետո ոստիկանությունը ակտիվություն ցուցաբերեց: Ոստիկանության ակտիվությունը առավել նկատելի էր Ախալքալաքում: Ոստիկանական ավտոմեքենաները ազդանշանները բարձր միացրած շրջում էին քաղաքում, ինչը մարդկանց մոտ ինքնաբերաբար լարվածություն էր առաջացնում: Բոլորը րոպե առ րոպե սպասում էին ինչ-որ բանի:
Գյուղերում տարեց չէր մնացել, որ քվեարկած չլիներ: Խանդո գյուղում նույնիսկ կատակում էին, թե «կուզեք տեսեք, վերջը Վարդուշ (Վարդուշ տատը այդ օրն էր մահացել) տատն էլ է գալու քվեարկության»: Տարեցներն գալիս էին, քվեարկում և հեռանալուց ասում՝ «ուրախությունով»: Եվ այդ ուրախության ակնկալիքով հեռանում ընտրատեղամասից: Գոման գյուղից Օհան պապը մեզ հետ զրույցում ասաց. «Է, աղջիկ ջան, ես բանմ գիտեի, որ Հենզելին նկարը էն առաջվա ընտրություններից պահել եմ»:
Երրորդը, Ջավախքում մարդիկ ոչինչ չեն ակնկալում այն մարդուց, ով խորհրդարանում իրենց շահերն է պաշտպանելու: Դաշտերում մեզ հանդիպած գյուղացիների համար էական չէ, ով ավելի կամ քիչ ձայն կհավաքի, նրանց հետաքրքրում է միայն իրենց աշխատանքը: «Ինձի համար ով էլ անցնի նույնն է: Գյուղացի մարդ, մեր տերն ով է: Մեր հույսը հողն է: Ինչի են այսպես իրար անցել, ամեն տարի ընտրություն է, թող հերթով մեկը լինի, պետական փող, թող տարին մեկը ուտե, մեզի ինչ: Գնացեք գյուղ տեսեք փողով ձեն են գնում, ուրեմն մեջը բանմ կա, որ կուզեն անցնին»,- ասաց Սամվելը, ով խոսակցության ընթացքում հասցրեց վառել դաշտում հավաքված չոր խոտերը:
Այս ընտրություններում կարելի է ձախողված համարել որոշ դիտորդական կազմակերպությունների առաքելությունը: Առաջին հայացքից ամեն ինչ անսխալական էր, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները ներկայացուցիչ – անդամ – դիտորդներ ունեին ընտրատեղամասերում, սակայն այս ամենը ձևական բնույթ էր կրում: Բազմաթիվ ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներից շատ դիտորդներ կային, նույնիսկ ընտրատեղամաս կար, որ նույն կուսակցությունից մինչև 3 դիտորդ կար քվեասենյակում (կոնկրետ Հանրապետական և «Վրացական երազանք» կուսակցության կողմից նշանակված մարդիկ): Երկու գյուղում նույնիսկ դիտորդները քնել էին նստած տեղերը: Մեր հարցին թե, ինչ կազմակերպության կամ կուսակցության կողմից եք, մեծամասնությունը պատասխանում էր. «Վրացերեն չգիտեմ, դու կարդա տես ինչ է գրած, ասել են նստել ենք, ամենքիս բանմ գրել են, բայց բոլորս էլ կոնկրետ մեկի համար ենք աշխատում»: Տարբեր կուսակցությունների կողմից ձևական նստած դիտորդները աշխատում էին կոնկրետ մեկ կուսակցության օգտին:
Այս ընտրություններում բացահայտ մասսայական լցոնումներ չեղան, սակայն երկու հոգով ընտրություն կատարելը օրինաչափ երևույթ էր բոլոր ընտրատեղամասերում, որը կարծես սովորական էր և օրենքի սահմաններում: Ընտրական հաձնաժողովների անդամները այդպես էլ չսովորեցին ամենատարրական ընտրական կանոնները: Նրանց մեծամասնությունը նույնիսկ հասարակ հարցի դեպքում վախից զանգում են շրջանային ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահների մոտ արտոնյալ էին «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող դիտորդները: Այն աստիճանի, որ նույնիսկ Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի անդամների հետ համահավասար քվեաթերթիկ էին ընդունում, ինչ-որ բլանկներ լրացնում, իսկ արտասահմանյան դիտորդները նստած սելֆի էին անում:
Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահը մի քանի ընտրատեղամասի արդյունքները ընդունելուց հետո դուրս եկավ սենյակից, որին հետևեց հրավառություն: Մինչ երկնքում շքեղ հրավառություն էր, իշխող կուսակցությունը հաղթանակն էր տոնում, Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ընտրատեղամասների նախագահները ցրտից դողում էին: Նրանք դողում էին ոչ միայն ցրտից, այլև վախից: Հանկարծ մի բան սխալ արած չլինեն, ավելորդ խոսակցություն չգա իրենց վրա: Նախագահները հենց ներս էին մտնում առաջին բառը որ ասում էին՝ «Իմ քովս ամեն ինչ լավ էր, բողոք չունեմ, միջադեպ չունեմ»:
Աղունիկ Այվազյան