«Լելոն Վրաստանի համար» կուսակցության մեծամասնական թեկնածու Սոցկար Փութուլյանը չի մասնակցի առաջիկա ընտրություններին: Սոցկար Փութուլյանը ինքնակամ հրաժարական է տվել:

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Սոցկար Փութուլյանը պաշտոնական հայտարարություն է արել NOR ռադիոյի եթերում, որ Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքում «Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունից հանել է իր թեկնածությունը:

«Յուրաքանչյուր ոք կյանքի որոշակի շրջանում փորձում է ժողովրդի հասարակական կյանքում մտցնել դրական փոփոխություններ, որոնք կարող են լինել նաև քաղաքաական քայլերի տեսքով: Քաղաքագիտության մեջ փորձել եմ մտցնել թեկուզ և գոյություն չունեցող մի նոր եզրույթ, որը կոչվում է սպիտակ քաղաքականություն, որն ընկալելի չէ մեր ներկայիս հասարակարգի, քաղաքական և պետական կառույցների համար: Միշտ վայելել եմ ժողովրդիս հարգանքն ու սերը: Տիրապետում եմ մասնագիտության, որով մարդն օժտված է լինում ի վերուստ, որը բժշկագիտությունն է դիմացինին օգնելու, ապաքինելու խորը արվեստը, այլասիրությունը՝ բառի լավ իմաստով: Կզբաղվեմ իմ սիրելի գործով, մարդկանց բուժելով, միաժամանակ կանգնելով ժողովրդիս կողքին: Իմը բարեգործությունն է, ոչ թե կեղտոտ քաղաքականությունը: Որոշել եմ պահել քաղաքական չեզոքություն, չեմ սատարի որևէ թիմի, առավել ևս անհատների, նույնիսկ չեմ կատարի քաղաքացիական պարտքս՝ չեմ մասնակցի ընտրություններին որպես ընտրող: Պատերի տակ բամբասողներին կպատասխանեմ Ուինստոն Չերչիլի հետևյալ խոսքերով՝ ամեն հաչող շանը քար նետելիս տեղ չես հասնի, ու կավելացնեմ նաև՝ ինչ լավ է որ չեն հասկանում, թե ինչ չեն հասկանում»,- այսպես է մեկնաբանել Սոցկար Փութուլյանն իր հրաժարականը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին, «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը ներկայացրել է ևս 4 մեծամասնական պատգամավորության թեկնածուների: Ներկայացված թեկնածուների մեջ էր նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանի պատգամավորության թեկնածուն:

Կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն որպես Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավորության թեկնածու ներկայացրել է Սոցկար Փութուլյանին:

Nor.ge