Այսօր՝ նոյեմբերի 14-ին, նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց լայնամասշտաբ բողոքի ակցիա է տեղի ունեցել:
Մի քանի հազար մարդ է հավաքվել Ռուսթավելի պողոտայում: Քաղաքի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է: Ցուցարարների թվում կան և ընդդիմադիր կուսակցությունների անդամներ ու աջակիցներ, և քաղաքացիական ակտիվիստներ: Բողոքի ակցիային են միացել նաև Վրաստանի շրջանների բնակիչները:
Ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ իրենց պահանջները մնում են անփոփոխ: Նոր ընտրությունների նշանակմանը զուգահեռ նրանք պնդում են նաև Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի հրաժարականը, նոր ընտրական վարչակազմի նշանակման, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:
Հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո սա ընդդիմության չորրորդ լայնամասշտաբ հանրահավաքն է: Անցած կիրակի բողոքի ակցիայի մասնակիցները Ռուսթավելիի պողոտայից շարժվեցին դեպի ԿԸՀ շենք: Այնտեղ ուժայինները ջրցան մեքենաների օգնությամբ ցրեցին ցույցը: Բախումների արդյունքում 27 մարդ վիրավորվել է, իսկ 19-ը բերման ենթարկվել:
Այսօրվա և նախկինում անցկացված հանրահավաքների հիմնական տարբերությունն այն է, որ «Վրացական երազանքը» և ընդդիմությունը երկխոսություն են սկսել ներկայիս քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Բանակցությունների երկու փուլն արդեն կայացել է ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ: Մինչև հիմա դրանք ոչ մի արդյունք չեն տվել, սակայն կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները:
Ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների օրինականությունը՝ պնդելով զանգվածային խախտումների ու արդյունքների կեղծման մասին: 10-րդ գումարման խորհրդարանում են հայտնվել ութ կուսակցություններ, որոնք հրաժարվում են իրենց մանդատներից: Բացի այդ, ընդդիմությունը որոշել է բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը: