«Transparency International Georgia»-ն ուսումնասիրել է Վրաստանի քաղաքական ֆինանսավորման հարցը 2021 թվականին, երբ տեղի էին ունենում ՏԻՄ ընտրությունները։ Ի թիվս այլ գործոնների, TI-ի ուսումնասիրել է Սամցխե-Ջավախքում կուսակցությունների ֆինանսական միջոցների հոսքի մասին տեղեկատվությունը: Jnews-ը մեջբերում է կազմակերպության ուսումնասիրության արդյունքները։

Օգոստոսին հաղորդումներ եղան, որ Սամցխե-Ջավախքի նահանգապետը և ՊԱԾ և Ֆինանսների նախարարության Քննչական ծառայության մարզային ղեկավարները, իբր, հանձնարարել են տեղի գործարարներին ֆինանսական ներդրումներ կատարել իշխող կուսակցությանը: Հաշվետվությունները ստուգելիս պարզվել է, որ օգոստոսի 2-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սամցխե-Ջավախքից 87 ֆիզիկական անձ և հինգ ընկերություն իշխող կուսակցությանը հանգանակել են ընդհանուր առմամբ 714 000 լարի:

«Այսքան կարճ ժամանակահատվածում այս մեկ աշխարհագրական շրջանից կատարված նման հանգանակությունները բավականին անսովոր են և կարող են դիտվել որպես վերը նշված հաղորդագրությունները հաստատող հանգամանքներ: Բացի այդ, սեպտեմբերի 4-ին «Պիրվելի» հեռուստաընկերությունը հեռարձակել է մի նյութ, որում որոշ անձինք, ովքեր հանգանակություններ են կատարել, լրագրողների հետ զրույցում փաստացի հաստատել են, որ վերը նշված հանդիպումներն ու հանգամանքները իրապես տեղի են ունեցել»,- ասված է TI-ի հայտարարության մեջ։

Ինչպես պարզաբանվում է ավելի ուշ հայտարարության մեջ, հանգանակությունների օրինականությունը հետաքննվել է Պետական աուդիտի ծառայության կողմից, որը հաղորդել է, որ ոչ մի խախտում չի հայտնաբերվել:

«Չնայած քրեական հանցագործության ակնհայտ հատկանիշների առկայությանը, մեր տեղեկություններով, դատախազությունը հետաքննություն չի սկսել»,- ասվում է կազմակերպության ուսումնասիրության մեջ։

Ուսումնասիրության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ TI-ի հոդվածում

Այս թեմայով կարող եք կարդալ՝

Ջավախքից ո՞վ և որքա՞ն փող է նվիրաբերել «Վրացական երազանքին»