Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի տեղեկատվության, այսօրվա դրությամբ, հունիսի 21-ի երեկոյան կարկուտի և քամու հետևանքով տուժածների, շուրջ 40 դիմում է ստացվել։ Բոլոր դիմումները կքննարկվեն և յուրաքանչյուրի համար առանձին որոշում կկայացվի, սակայն քաղաքապետարանը կարող է օգնել միայն վնասված տանիքների և այլ ենթակառուցվածքների վերականգնման առումով, իսկ վնասված մեքենաների և գյուղատնտեսական հողատարածքների համար քաղաքապետարանը չի կարող փոխհատուցում տրամադրել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից ստացված դիմումների մեծ մասը քաղաքից են։
Քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, հանձնաժողովը, որը ստեղծվել է հատուկ հունիսի 21-ի աղետի վնասի փոխհատուցումը որոշելու համար, կքննարկի բոլոր դիմումները և որոշում կկայացնի։
«Այսօր մեր առաջին աշխատանքային այցն էր կարկտահարությունից տուժածներին, հանձնաժողովը տեղում ծանոթացավ խնդրին, որից հետո որոշում կկայացնենք, թե ում, որքան կարող ենք փոխհատուցել: Մենք օգնություն ենք ցուցաբերում միայն նրանց, ովքեր ունեն տանիքների, ճանապարհների հետ կապված խնդիրներ, իսկ նրանց, ում մեքենան կամ գյուղատնտեսական հողատարածքն է տուժել տարերքից, մենք չենք կարող օգնել: Այսօր մունիցիպալիտետն իրավասու է միայն լուծել տվյալ հարցերը»,- ասաց Մելքոն Մակարյանը։
Ախալքալաքում և հարակից գյուղերում, հունիսի 21-ին, մոտ 2-3 րոպե տևած ուժեղ կարկուտը վնաս է հասցրել բնակիչներին։ Կարկուտը մեծ է եղել՝ 3-4 սմ տրամագծով, տեղ-տեղ նույնիսկ ավելի մեծ։ Հիմնականում կարկտահարվել են մեքենաները, կարտոֆիլի ցանքատարածությունները հողին են հավասարվել, ինչպես նաև վնասվել են պտղատու ծառեր, բանջարաբոստանային կուլտուրաներն ու բանջարանոցները։
Ախալքալաքում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել