Բավրա գյուղի կենտրոնական գազատարի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների որոշ գյուղերում գազի մատակարարումը դադարեցվել է: Երբ կվերսկսվի գազամատակարարումը, առայժմ չի հաղորդվում:
Երեկ՝ հուլիսի 26-ին, Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղի մերձակայքում, դաշտային աշխատանքների ժամանակ տրակտորը վնասել է գազատարը, որից հետո գազամատակարարումը դադարեցվել: Վթարի հետևանքով հետևյալ գյուղերը` Կարտիկամ, Կուլիկամ, Բավրա, Խուլգումո և այլն, մնացել են առանց բնական գազի:
Ըստ «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի, վթարի հետևանքով, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղեր նույնպես մնացել են առանց գազի:
Նրա հավաստմամբ՝ գազաբաշխիչ ընկերության աշխատակիցներն արդեն աշխատում են տեղում, բայց դեռևս հայտնի չէ, թե երբ կվերացվի վթարը:
«Հստակ չեմ կարող ասել, թե երբ կվերականգնվի գազամատակարարումը, քանի որ բավականին մեծ աշխատանք կա անելու, մենք կփորձենք հնարավորինս արագ վերականգնել գազամատակարարումը», – ասել է «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը: