Ախալքալաքի բնակիչները հաճախ դժվարությամբ են այցելում Վրաստանի այլ քաղաքներ։ Տրանսպորտային համակարգը չի բավարարում բնակիչների բոլոր կարիքները, երթուղայինները մեկնում են անհարմար ժամերի։ Ավելի վաղ՝ ծովային հանգստի շրջանում, մենք գրել էինք Ախալքալաքից Բաթումի տրանսպորտի անհարմարությունների մասին, իսկ այս հոդվածում կդիտարկենք Ախալքալաք-Թբիլիսի երթուղին։
Սովորաբար Ախալքալաքից Թբիլիսի երթուղայինները մեկնում են առավոտյան ժամը 7-ին և 9-ին և վերադառնում 13:00-ին և 17:00-ին, սակայն լինում են դեպքեր, երբ ախալքալաքցիները խնդրի առաջ են կանգնում, երբ առավոտյան ժամը 9-ին երթուղայինը դուրս չի գալիս։ Կամ մարդիկ, ովքեր ծրագրել էին Թբիլիսիից Ախալքալաք գալ ժամը 17:00-ին, տհաճ անակնկալի առջև են կանգնում, քանի որ այս երթը պարզապես կարող է չեղարկվել՝ երթուղային տաքսի չլինելու պատճառով։ Այս առումով մարդիկ հայտնվում են ծանր իրավիճակում. ոմանք չեն կարողանում գիշերել Թբիլիսիում, որպեսզի հաջորդ օրը գան, իսկ մյուսները՝ անհետաձգելի գործեր ունեն։
«Մենք ժամը 13:00-ին երթուղայինի հույսով էինք: Ստացվեց այնպես, որ մենք դրան այլևս չէինք հասցնում, և մնում էր հուսալ հասցնել հաջորդին՝ ժամը 17:00-ին: Մենք անպայման պետք է գնայինք այդ օրը: Պարզվեց, որ ժամը 5-ին վերջին երթը չի լինելու: Մենք հայտնվեցինք շատ ծանր դրության մեջ»,- մեկնաբանեց Ախալքալաքի բնակիչներից մեկը:
Պարզվում է, որ դա տեղի է ունենում բավականին հաճախ։
«Առաջին անգամը չէ, որ նման բան է պատահում: Մեկ անգամ տրանսպորտ ընդհանրապես չկար, երթուղայինը ժամը 17:00-ին արդեն դուրս էր եկել Դիդուբեից, մենք զանգահարեցինք Սամգորիի երթուղայինի վարորդին, տեղեր պահեցինք, եկանք, բայց նստատեղեր չկային։ Ստիպված էինք տաքսի կանչել ու իհարկե այդպես շատ ավելի թանկ ստացվեց, բայց ինչ արած, մենք ոչ մի տեղ չէինք կարող մնալ»,- պատմում է Ախալքալաքի մեկ այլ բնակիչ։
Նա հավելում է, որ տրանսպորտն ինքնին նույնպես շատ անհարմար է, նստատեղերը նեղ են, մեջտեղում դրվում են աթոռներ, նստելը հարմար չէ, նաև շատ կեղտոտ է։ Նա պատմում է, որ նկատել է չորացած, տհաճ կեղտ նստատեղի վրա:
Հարկ է նշել, որ Թբիլիսիից դեպի հարևան Ախալցիխե երթուղայինները մեկնում են ամեն ժամը մեկ, իսկ դեպի Ախալքալաք ընդամենը 2 երթ կա, որոնց կանոնավորության վրա հույս դնել չես կարող։ Հավելենք, որ Թբիլիսիից Նինոծմինդա (Սամգորի ավտոկայանից) նույնպես երթ են իրականացվում, սակայն դրանք նույնպես անկանոն են, իսկ մեկնման ժամը՝ հստակ չէ։
Ախալքալաք-Թբիլիսի գծի վարորդ Գրիգորի Ծուրծումիան Jnews-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 17:00-ին Թբիլիսիից երթուղայինը չեղյալ է հայտարարվում այն դեպքերում, երբ առավոտյան ժամը 9-ին Ախալքալաքից միկրոավտոբուսը Թբիլիսի չի մեկնում ուղևորների բացակայության պատճառով:
«Եթե երթուղայինում գոնե մեկ ուղևոր կա, ուրեմն այն պետք է դուրս գա: Եթե ուղևորներ չկան, ապա 9-ին միկրոավտոբուսը չի մեկնում, հետևաբար՝ ժամը 5-ին հետ եկող երթուղային տաքսի չի լինում, բայց մենք երբեք չենք թողնում մեր ուղևորներին, մենք նրանց տեղավորում ենք: Դիդուբեի Ախալքալաք մեկնող երթուղայինի դիմաց կա երթուղային դեպի Ասպինձա: Հնարավոր է Ախալքալաք գալ դրանով, վարորդը ձեզ կտանի, քանի որ Ասպինձա 20 լարի է, իսկ Ախալքալաք՝ 25, նրան ձեռնտու է»,- մեկնաբանում է Գրիգորին։
Նրա խոսքով, դեպի Ասպինձա երթուղային տաքսի միշտ կա, այս երթուղով չեղարկումներ չեն լինում։