Ախալքալաքում և հարակից գյուղերում, ժամը 19:46-ի սահմաններում մոտ 2-3 րոպե տևած ուժեղ կարկուտը կոտրել է որոշ տների ապակիներն ու դռները, վնասել մեքենաներ, ինչպես նաև ծառեր, բանջարանոցներ և դաշտեր։
Կարճատև, բայց ուժեղ կարկուտի հասցրած վնասները դեռևս դժվար է գնահատել։ Սակայն Ախալքալաք քաղաքից և մոտակա գյուղերից տեղեկություններ են ստացվում վնասված այգիների, բանջարանոցների, ցանքատարածությունների ու մեքենաների մասին։ Կարկուտը մեծ է եղել՝ 3-4 սմ տրամագծով, տեղ-տեղ նույնիսկ ավելի մեծ։
Հաղորդագրություն է ստացվել Կուլիկամ և Խուլգումո գյուղերից, բնակիչներն ասում են, որ կարտոֆիլի ցանքատարածությունները գետնին են հավասարվել, վնասվել են բալենիները։
Ջարդված ցանքատարածությունների և բերքի մասին տեղեկացնում են նաև Գոման գյուղից, որտեղ նույնպես գետինը ծածկվել է կարկտի սպիտակ շետրով: Գոմանի բնակիչներն ասում են՝ նույն վիճակն է նաև Օլավերդում:
Կարկուտից տուժել է նաև Դիլիսկա գյուղը: