Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողովի (ՇԸՀ) շենքում հանձնաժողովի նախագահը և անդամները հանդիպեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման թեման էր ծանոթանալ ՇԸՀ-ի կողմից ազգային փոքրամասնությունների և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար իրականացվող աշխատանքներին:
Ախալքալաքի ՇԸՀ նախագահ Հասմիկ Մառանգոզյանի խոսքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա սկզբին կազմում է իր տարվա աշխատանքային գրաֆիկը, որտեղ ըստ ամիսների նշված է, թե ինչ աշխատանք կամ հանդիպումներ է անցկացնելու։ Ախալքալաքի ՇԸՀ-ի տվյալ նիստը կայացավ այս ժամանակացույցով։
«Այս ժամանակացույցի համաձայն, դեկտեմբերի առաջին կեսին մեզ մոտ նախատեսվում էր հանդիպում հասարակական սեկտորի հետ այն հարցի շուրջ, թե ինչ է անում ԿԸՀ-ն ազգային փոքրամասնությունների և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ուղղությամբ»,- ասաց Հասմիկ Մառանգոզյանը։
Ախալքալաքի ՇԸՀ-ի քարտուղար Զուրա Մելիքիձեն խոսեց նախընտրական և ընտրական շրջանում ազգային փոքրամասնությունների, տվյալ դեպքում՝ Ախալքալաքի շրջանի հայախոս ընտրողի իրավունքների մասին։
Նա նշեց, որ Վրաստանի ազգային փոքրամասնությունների ԿԸՀ-ի կայքէջում կա հայերեն հավելված, որտեղ զետեղված են ընտրությունների մասին ողջ տեղեկատվությունը ըստ շրջանների, ընտրողների թվի, թեկնածուների մասին տեղեկություն, ԿԸՀ-ի աշխատանքի ժամանակացույցը ընտրություններից առաջ և հետո: Յուրաքանչյուր ընտրող կարող է ստուգել, արդյոք նա կա ընտրացուցակում, անհրաժեշտության դեպքում փոխել տվյալները, պարզել իր ընտրատեղամասը և շատ ավելին։
Մելիքիձեն պատմեց, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում, իրենք դասընթացներ են անցկացրել ընտրական հանձնաժողովների կադրերի պատրաստման, ընտրողների հետ հանդիպումների և այլ միջոցառումների վերաբերյալ։ Դրանք բոլորն անցկացվել են երկու լեզվով, նաև տեղեկատվական բուկլետները, որոնք բաժանվել են բնակչությանը՝ երկլեզու են։
Զուրա Մելիքիձեն պատմեց, որ ԿԸՀ-ն ամեն ինչ անում է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ընտրական գործընթացը հեշտացնելու համար։
Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված հավելվածից հնարավոր է օգտվել փողոցներում և բանկերում տեղակայված բանկոմատներից, անհատական համակարգիչներից և հեռախոսներից։