Այսօր՝ հունիսի 10-ին, հովիվները, ովքեր մեծաքանակ ոչխարի հոտը քշել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի մարգագետիններ, Ազավրեթի բնակիչների ուղեկցությամբ, հեռանում են Ախալքալաքի տարածքից։
Jnews-ն, ինչպես և խոստացել էր իր ընթերցողներին, այսօր՝ հունիսի 10-ին, փորձեց պարզել ոչխարների մեծաթիվ հոտն Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածք քշելու պատճառը։ Ոչխարները 3-4 օրվա ընթացքում զգալի վնաս են հասցրել մարգագետիններին, որոնցից օգտվում են Ախալքալաքի շրջանի 8 գյուղի բնակիչներ։
Այն բանից հետո, երբ երեկ՝ հունիսի 9-ին, տեղական ինքնակառավարման մարմիններն ու ոստիկանները պարզել էին, որ Սագարեջոյի հովիվները սխալվել են տարածքով, այսօր նրանք բնակիչների և Ազավրեթ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Բագրատ Զաքարյանի ուղեկցությամբ հոտը քշեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքից։
Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին, Ազավրեթ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Բագրատ Զաքարյանը Jnews-ին հայտնեց, որ ինքը գտնվում է տվյալ տարածքում և հետևում է ընթացքին։
«Նրանք արդեն գնում են, ես հիմա հետեւում եմ գործընթացին, համարյա բան չի մնացել, նրանք լքում են մեր տարածքները, մենք ուղեկցում ենք նրանց»,- ասաց Բագրատ Զաքարյանը։
Արոտավայրի վարձակալ Ռամազ Մանաշվիլին, ում ոչխարները 3-4 օր առաջ մտել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի հողերը, Բորժոմիի մունիցիպալիտետում 5 տարով վարձակալել է 750 հեկտար հողատարածք։
Նրա խոսքերով, ամենայն հավանականությամբ դա իրենց սխալն է եղել։
«Ես հիմա Բորժոմիից գնում եմ այնտեղ, 2 ժամից կլինեմ տեղում, փաստաթղթերը պատրաստողների հետ եմ գնում, որպեսզի հստակ սահմանագծենք սահմանները, ես ուշադիր չեմ նայել փաստաթղթերը և չգիտեմ ճշգրիտ սահմանները»,- ասաց վարձակալ Ռամազ Մանաշվիլին։
Քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց, որ ինքը մշտական կապի մեջ է Ազավրեթ գյուղում իր ներկայացուցչի հետ, և որ իրենք իսկապես սխալվել են, և մարդիկ օգնում են նրանց դուրս գալ։
«Կապվել ենք Բորժոմիի մունիցիպալիտետում տարածքը վարձակալած անձի հետ, նրան ցույց են տալիս տարածքը Բորժոմիում, օգնում են, որպեսզի կոնֆլիկտ չլինի»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
Երեկ՝ հունիսի 9-ին, Ազավրեթ և Բուռնաշեթ գյուղերի բնակիչները, հովիվներին և ոչխարների հոտը քշելու համար, բարձրացել էին լեռնային մարգագետիններ, քանի որ Ղադոլար, Ազավրեթ, Լոմատուրցխ, Բուռնաշեթ, Բուղաշեն, Տրկնա, Բալխո գյուղերի բնակիչները այս մարգագետիններից խոտ են հնձում, որը գյուղացիներն անվանում են «Ջերուլ» … Բնակիչներն իրենց անասուններին չեն քշում այդտեղ, որպեսզի հետո ձմեռվա համար խոտ հնձեն։ Գյուղացիների կողմից հովիվներին վտարելու փորձն անցել է առանց բախումների։
Ոչխարների մեծ հոտը քշել են Ախալքալաքի մարգագետիններ, սխալմունք, թե…