Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղում ամբուլատորիայի կառուցման համար նախատեսված տարածքը «Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցման փուլում էր, սակայն Հոլդինգը հրաժարվեց ընդունել այդ հողատարածքը՝ առաջարկելով ընտրել այլ վայր։ Այլընտրանքային վայրն արդեն ընտրված է, տեղական իշխանությունները սպասում են Հոլդինգի կողմից գնահատման:
Առողջապահության ոլորտի բարեփոխումների շրջանակում, Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր գյուղական ամբուլատորիաներն աստիճանաբար փոխանցվում են պետությանը՝ հետագայում «Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցելու նպատակով։ Եթե գյուղում ամբուլատորիա չկա, ապա ընտրվում և փոխանցվում են ամբուլատորիայի կառուցման համար նախատեսված հողատարածքները։ Մունիցիպալիտետի 10-ից ավելի ամբուլատորիա փոխանցվել են «Վրաստանի բժշկական հոլդինգին», մնացածները փոխանցման փուլում են։
Կուլիկամ գյուղում ամբուլատորիայի կառուցման համար, Ախալքալաքի մունիցիպալիտետը, մի քանի տարի առաջ տարածք էր հատկացրել, սակայն շինարարությունն այդպես էլ չէր սկսվել։ Այն բանից հետո, երբ սկսվեց ամբուլատորիան «Վրաստանի բժշկական հոլդինգին» փոխանցելու գործընթացը, ընկերության ներկայացուցիչներն այս տարվա հոկտեմբերին այցելեցին գյուղ՝ գնահատելու տարածքը։ Սակայն գնահատումից հետո Հոլդինգը հրաժարվեց ընդունել այդ տարածքը։
Կուլիկամ գյուղի մասնագետ Ալիկ Ուզունյանն ասաց, որ ներկայացուցիչները հրաժարվել են այն ընդունել տարածքի փոքր լինելու պատճառով։
«Տարածքը փոքր էր, տեղը վաղուց էր առանձնացված, այդ ժամանակ ես դեռ չէի աշխատում: Ես չգիտեի, որ կան պայմաններ, և դրանցից մեկն այն էր, որ տարածքը պետք է լինի առնվազն 17 քառ/մ։ Արդեն ուրիշ տեղ ենք գտել, մանկապարտեզի կողքին, հայտնել ենք ու հիմա սպասում ենք նրանց այցին»,- ասաց Ալիկ Ուզունյանը։
«Վրաստանի բժշկական հոլդինգ» ընկերության ներկայացուցիչն ասաց, որ տեղ ընտրելիս պետք է շատ բան հաշվի առնել։
«Տեղը հարմար չէ, շատ մանրամասներ պետք է հաշվի առնել: Ես զեկույցում գրել եմ, որ տեղը շինարարության համար հարմար չէ, պետք է ուրիշ տեղ գտնեք: Նրանք արդեն տեղեկացրել են, որ այլ տեղ են գտել: Երբ կուղարկեն, այդ ժամանակ էլ կգնամ՝ կնայեմ»,- ասաց «Վրաստանի բժշկական հոլդինգի» ներկայացուցիչը։
Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար, Արագվա, Տուրցխ, Ազավրեթ, Բարալեթ, Գոգաշեն, էխտիլա, Ալաստան, Կարտիկամ, Կումուրդո. այս գյուղերի ամբուլատորիաները կամ հանձնվել են պետական սեփականությանը, կամ արդեն փոխանցվել են «Վրաստանի բժշկական հոլդինգին»: Ամբուլատորիաները փոխանցվում են Հոլդինգին որպես ուզուֆրուկտի օբյեկտ։
Հոլդինգից տեղեկացրին, որ աշխատում են ոչ միայն Ախալքալաքում, այլև 7 այլ շրջաններում։ Ամբուլատորիաների կառուցման աշխատանքները կկատարվեն աստիճանաբար, և ամենայն հավանականությամբ կսկսվեն հաջորդ տարվանից: