Այսօր՝ հուլիսի 31-ին, Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղի կենտրոնը մարդաշատ էր: Գյուղի կենտրոնում, եկեղեցու հարակից տարածքում կառուցված այգու պաշտոնական բացումն էր:
Ծնունդով Վարևան գյուղից, ռուսաստանաբնակ բարերարների աջակցությամբ վերանորոգվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը:
Գյուղից չորս եղբայրներ՝ Մխիթար, Գարիկ, Արմեն և Աշոտ Մանասյանների ֆինանսական աջակցությամբ և օժանդակությամբ կառուցվել է նաև «Խաղաղության այգին», որտեղ այսօր կատարվեց խաչքարի օծման արարողություն: Այն նվիրված է 1915 թվականի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, 1945 թվականի հայրենական մեծ պատերազմում ընկած հերոսների, ինչպես նաև Ղարաբաղյան երկրորդ պատերազմում անմահացած հայորդիների հիշատակին: Այգում կառուցվել է նաև Ծիծեռնակաբերդի փոքր տարբերակը:
Երեխաների համար կառուցվել է խաղահրապարակ: Այգում կա նաև Մանասյան եղբայրների աջակցությամբ և Սանասար Քանանյանի ձեռքով պատրաստած երազանքների ծառ, ինչպես նաև ցայտաղբյուր փոքրերի և մեծերի համար:
Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը:
Միջոցառմանը հրավիրված էին նաև Հայաստանից հյուրեր և երգիչներ, ովքեր հանդես եկան հայրենասիրական երգերով, պարային տարբեր համարներով: Վարևան գյուղի պարի անսամբլը ևս հանդես եկավ տարբեր կատարումներով:
Նշենք նաև, որ այսօրը նշվեց որպես գյուղի օր: Գյուղացիների խոսքով, ուղիղ 194 տարի առաջ վարևանցիները եկել են և բնակություն են հաստատել այստեղ՝ հիմնադրելով Վրարևան գյուղը: