Բուզավեթ գյուղը հավանաբար կգազաֆիկացվի: Այս պահին գազաբաշխիչ SJGC ընկերությունը գնահատում է նախագծի մոտավոր արժեքը, ինչպես նաև տեխնիկական կողմերը։
Ինչպես Jnews-ի հետ զրույցում ասաց գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը, գնահատվում է Բուզավեթ գյուղը Կարտիկամի գծից գազաֆիկացնելու տեխնիկական և ֆինանսական հնարավորությունը։
«Այս պահին ստույգ որոշում չկա, մենք պարզապես փորձել ենք զբաղվել նախագծային-նախահաշվային փաստաթղթերով: Մենք փորձել ենք հասկանալ, թե տեխնիկապես ինչպես է հնարավոր գազն անցկացնել, որտեղից, և ընդհանրապես, որքան դա կարժենա։ Մենք ամենանախնական փուլում ենք, դեռ միայն առաջին քայլերն ենք անում»,- մեկնաբանեց նա։
Վ. Բերիկյանի խոսքով՝ ֆինանսավորումը նախատեսվում է համատեղ, ինչպես եղել է Թախչա գյուղի պարագայում՝ գյուղի բնակիչների, այդ թվում՝ այն բարերարների, ծագումով այդ գյուղի բնակիչների, ովքեր կամք են հայտնել ունենալ իրենց լուման, ինչպես նաև գազաբաշխիչ ընկերության համատեղ մասնակցությամբ։
«Եթե տեխնիկապես և ֆինանսապես դա մեր հնարավորությունների սահմաններում լինի, մենք անպայման դա կանենք»,- ասաց Բերիկյանը։
Նշենք, որ Բուզավեթ գյուղը շրջանի ամենասակավ բարեկեցիկ գյուղերից է։ Գյուղում բնական գազ չկա, գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատված չէ, իսկ դպրոցն արդեն 2 տարի է՝ փակ է։ Պայմանների բացակայությունը բերում է գյուղից արտագաղթի։ Բնակիչների խոսքով, այժմ գյուղում կա մոտ 35 տնտեսություն, թեև ժամանակին եղել է 180։