Երեկ՝ հունիսի 9-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթ և Բուռնաշեթ գյուղերի բնակչությունը փորձել է լեռնային մարգագետիններից քշել ոչխարների մեծ հոտը, որը բերել էին արածեցնելու 2-3 օր առաջ։ Բնակիչները պնդում են, որ այդ տարածքներն իրենց հատկացված են որպես խոտհարքեր։ Հովիվների հետ բանակցությունների արդյունքում երկու կողմերն էլ եկան այն եզրակացության, որ հովիվները շփոթել են տարածքը, և վերջիններս հոտը կքշեն, սակայն այս հարցը դեռ պարզվում է։

Ազավրեթ գյուղի բնակիչները դժգոհում են, որ ոչ տեղացի հովիվները (տեղաբնակները նրանց թուրքեր են անվանում) արդեն երրորդ օրն է, ապօրինի կերպով ոչխարներն արածեցնում են իրենց խոտհունձի համար նախատեսված մարգագետիններում։ Սագարեջոցի հովիվ Մաջիդ Ալիևն արածեցնելու է բերել իր 4000 ոչխարները ու հողի վարձակալի ոչխարները։ Նրա խոսքով, ոմն Ռամազ 5 տարով 750 հա հող է վարձակալել և ունի համապատասխան փաստաթղթեր։

Ըստ ազավրեթցիների, այս տարածքներում են գտնվում շրջանի 8 գյուղի խոտհարքեր։ Այս տեղանքում, որին գյուղացիները «Ջերուլ» են անվանում, Ղադոլար, Ազավրեթ, Լոմատուրցխ, Բուռնաշեթ, Բուղաշեն, Տրկնա, Բալխո գյուղերի բնակիչները խոտ են քաղում… Նրանք հատուկ այստեղ անասուններին չեն արածեցնում, որպեսզի օգոստոսին խոտը հնձեն ձմռան համար։ Իսկ 2-3 օր առաջ արածեցված ոչխարների մեծ հոտը փչացրել է խոտը։

yayla3

Բնակիչները պնդում են, որ բացի այն, որ ոչ բնիկ հովիվները փչացրել են մարգագետինը, ոչխարներին ջրելու համար, ծակել են նաև գյուղի ջրատարը, որը ջրով է ապահովում մանկապարտեզը։ Հավաքված բնակիչները պահանջում էին լքել տարածքը և այնտեղից քշել ոչխարներին։

yayla1

Ազավրեթի և Բուռնաշեթի բնակիչները սպասում էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։ Նրանց խոսքով, Ազավրեթ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը գնացել է Ախալքալաք՝ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ վերադառնալու նպատակով, իրավիճակը պարզաբանելու համար։

Երկար վիճաբանությունից հետո Մաջիդ Ալիևը բերեց և ցույց տվեց վարձակալության փաստաթղթերի պատճենը։ Իրավիճակը պարզաբանելու եկած ոստիկանները ուսումնասիրելով փաստաթղթերը, ասացին, որ վարձակալած տարածքը գտնվում է Բորժոմիի մունիցիպալիտետում, իսկ այս տարածքը գտնվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում։

yayla2

Ոստիկանության աշխատակցի խոսքով, հովիվները 2 կմ տարածքով սխալվել են և մտել Ախալքալաքի մունիցիպալիտետին պատկանող մարգագետիններ։ Արդյունքում որոշվեց, որ հովիվները պիտի դուրս հանեն ոչխարներին տվյալ տարածքից, սակայն վարձակալը, ում հետ հեռախոսով զրուցում էր Մաջիդ Ալիևը, հովվին ասաց, որ սպասի մինչև պարզվի զբաղեցրած տարածքի և վարձակալված տարածքի համընկնման հարցը։

Լրագրողների հեռանալուց հետո դեպքի վայր են ժամանել տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, իրենք պարզել են իրավիճակը, և հովիվները ոչխարներին քշել են Ախալքալաքի մարգագետիններից։ Թե ինչպես է լուծվել խնդիրը, որն է եղել պատճառը, Jnews-ը կփորձի պարզել ու տեղեկացնել իր ընթերցողներին։