Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուզավեթ գյուղում մուտքի մոտ գյուղի անունով կամար են կառուցել։ Կամարը բացվել է գյուղի օրը՝ նոյեմբերի 11-ին։
Այժմ Բուզավեթ գյուղ մտնողներն անցնում են հայերեն ու վրացերեն «Բարի գալուստ» գրությամբ և գյուղի անունը կրող կամարով։
Կամարը նախաձեռնվել և կառուցվել է մեկ ամսում, որպեսզի այն բացվի Գյուղի օրը, որն այս տարի նշվել է երկրորդ անգամ։ Նախաձեռնողը գյուղացի Սերժո Կուրոյանն է, ում երիտասարդ համագյուղացիները մեծ ոգևորությամբ են օգնել։ Բարերարը նաև Բուզավեթ գյուղի օրվա հիմնադրման նախաձեռնողն է, որն ընտրվել է նոյեմբերի 11-ը։
«Երկար տարիներ կատարելով տարբեր տեսակի բարեգործություններ՝ ես անցյալ տարի որոշեցի հիմնել գյուղի տոն՝ համախմբելու բոլոր համագյուղացիներին, իսկ միախմբված մենք կկարողանանք լուծել մեր գյուղի խնդիրները, որոնք շատ-շատ են»,- ասաց Սերժո Կուրոյանը Jnews-ի հետ զրույցում:
Մեկ տարի առաջ հիմնադրված ավանդույթի համաձայն՝ այս տարի Բուզավեթում գյուղի տոնը կրկին նշվեց, ինչպես ընդունված է՝ նոյեմբերի 11-ին։ Երգերով ու պարերով, հյուրասիրություններով։ Հին եկեղեցու մոտ մատուցվեց մատաղ։ Տոնակատարությանը հրավիրված և ներկա էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
Փոքրիկ, բարձրալեռ գյուղը՝ մոտ 35 տնտեսությունով, իր օրվա առթիվ լցվել էր ակտիվ կյանքով։
Գյուղի օրը մեկնարկել է նաև ֆուտբոլի մրցաշար Ախալքալաքի և Նինոծմինդայի տարբեր գյուղերի թիմերի միջև։ Մրցաշարը նվիրված է այս գյուղի բնակիչ Արմեն Հակոբյանի հիշատակին։ Նոյեմբերի 14-ին կայացավ առաջնության եզրափակիչը։ Բուզավեթի թիմը գրավեց 1-ին տեղը, 2-րդ տեղը զբաղեցրեց Հեշտիա գյուղի թիմը, իսկ մրցաշարի բրոնզե մեդալակիր դարձավ Բուղաշեն գյուղի թիմը:
Բարերարի խոսքով, ինքը կփորձի այնպես անել, որ Բուզավեթ գյուղի օրվա ավանդույթը միշտ պահպանվի և ամեն տարի նոյեմբերի 11-ին այնտեղ տոն կազմակերպվի։