Վրաց-թուրքական սահմանի «Կարծախի» անցակետում բեռնատարների կուտակումներ չկան: Այս մասին JNEWS-ի հետ զրույցում փաստում են Կարծախ գյուղի բնակիչները, իսկ Վրաստանի սահմանային վերահսկողության վարչությունից հայտնում են, որ բեռնատարների հոսքը նվազել է, հնարավոր է դրանք ավելի շատ «Սարփիի» անցակետից են օգտվում:
Ընդամենը օրեր առաջ Թուրքիա գնացող բեռնատարների շարասյունը ձգվում էր «Կարծախի» սահմանային անցակետից մինչև Վաչիան գյուղ: JNEWS-ը հենց սահմանին հետևել է իրականացվող ընթացակարգերին և ականատեսը եղել այն բանի, որ ընդամենը 4-5 րոպեների ընթացքում բեռնատարները հատում են սահմանը:
Բանն այն է, որ «Վալե» (Վրաց-թուրքական անցակետ) փակվել է թուրքական կողմում վերանորոգման աշխատանքների պատճառով, և Սամցխե-Ջավախքից Թուրքիա բոլոր փոխադրումներն իրականացվում են «Կարծախի» անցակետով։ Բացի այդ, Վրաստանում բեռնափոխադրումների հոսքը կտրուկ աճել է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով: Որոշ փոխադրողներ չկարողանալով անցնել Ռուսաստանի տարածքով, իրենց փոխադրումներն իրականացնում են Վրաստանով։
Կարդացեք նաև՝
Ախալքալաք-Կարծախ ճանապարհին բեռնատարների մի քանի կիլոմետրանոց շարասյուն է
Մոտ 800 բեռնատար է կուտակվել Վաչիան-Կարծախ ճանապարհին (Video)