Արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիա մեկնող բեռնատարների ավելի քան 20 կիլոմետրանոց շարասյունը չի նոսրանում։ Դեռևս հերթի առաջին բեռնատարներն են հատում սահմանը, իսկ շարասյունի վերջից ավելանում են մյուսները: «Կարծախի» մաքսային անցակետը աշխատում է արտակարգ ռեժիմով: Թուրքիա տանող մայրուղին շարասյունի պատճառով դարձել է միակողմանի:

Վաչիան գյուղից հետո սկսվում է բեռնատարների անվերջանալի շարասյունով ճանապարհը։ Ճանապարհին կարելի է հանդիպել հիմնականում Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Իրանի և այլ երկրների պետհամարանիշներով բեռնատարների։ Այս ճանապարհին հաճախ են խցանումներ լինում, քանի որ մի կողմից շարասյունով կանգնած են բեռնատարները, մյուս կողմից նույնպես բեռնատարներ են երթևեկում, իսկ ճանապարհը նեղ է, և հաճախ տեղաբնակների թեթև մարդատար ավտոմեքենաները բազմագնաց ճանապարհի պատճառով հայտնվում են ճամփեզրին:

Նշենք, որ Jnews-ը անդրադարձել էր այս իրավիճակին նաև օրեր առաջ։ Այդ ժամանակվանից շարասյունը մի փոքր նոսրացել է, բայց դեռևս հասնում է մինչև Վաչիան գյուղ։ Jnews-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մաքսատունն աշխատում է ուժեղացված ռեժիմով, ավելացել են աշխատակիցներ, գրանցման գործընթացը տեղի է ունենում շուրջօրյա ռեժիմով։

Մոտ 800 բեռնատար է կուտակվել Վաչիան-Կարծախ ճանապարհին (Video)

Այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ «Վալե» (Վրաց-թուրքական անցակետ) փակվել է թուրքական կողմից վերանորոգման աշխատանքների պատճառով, և Սամցխե-Ջավախքից Թուրքիա բոլոր փոխադրումները կատարվում են «Կարծախի» անցակետով։ Բացի այդ, ընդհանուր առմամբ, Վրաստանում բեռնափոխադրումները կտրուկ աճել են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ որոշ փոխադրողներ՝ չկարողանալով անցնել Ռուսաստանի տարածքով, իրենց փոխադրումներն իրականացնում են Վրաստանի տարածքով։

DSC_2239

Քրիստինե Մարաբյան