Երկամյա ընդմիջումից հետո վաղը՝ հունիսի 25-ին, Ախալքալաքի Մշակույթի տանը կանցկացվի «Ջավախքի գարուն» փառատոնը։ Բացմանը կերգի Ախալքալաքի աշուղական դպրոցի շրջանավարտ, Հայաստանում ճանաչված երգիչ Մասիս Ունանյանը։ Մուտքն ազատ է։
Փառատոնին մասնակցում են տարբեր ժողովրդական և ազգագրական համույթներ և մենակատարներ Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ասպինձայից և Ծալկայից։
«Ջավախքի գարուն» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008թ.-ին: Այս տարի հերթով 12-րդ փառատոնն է։ Համավարակի պատճառով փառատոնը երկու տարի չանցկացվեց։
Նախընտրական փուլը հաղթահարել են 37 պարային և անհատական համարներ։
Փառատոնը կմեկնարկի առավոտյան ժամը 11-ին։
Այս տարի փառատոնի բոլոր ծախսերն իր վրա է վերցրել մունիցիպալիտետի ղեկավարությունը։
«Մինչ այս, փառատոնի ծախսերը հոգում էին փառատոնի մասնակիցներն ու նրանց ծնողները, այս տարի փառատոնի ծախսերը հոգալու է մունիցիպալիտետը։ Շնորհակալություն ղեկավարությանը դրա համար»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Ակումբների միավորման տնօրեն Ալիկ Քսպոյանը։