Չնայած այն բանին, որ Ախալքալաքի գլխավոր գրադարանում առկա են տարբեր լեզուներով և ժանրերով գրքեր միևնույն է շատերը նախապատվություն են տալիս էլեկտրոնային և աուդիո գրքերին, որոնցից կարող են օգտվել առանց գրադարան գնալու:

Վաչիան գյուղից Գաբրիելյան Արուսյակը սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

«Լինելով բանասեր միշտ գործ եմ ունեցել գրքերի՝ այդ անհուն տիեզերքի հետ։ Վերցնել ձեռքում, կարդալ, զգալ գրքի հնության հոտը այդ ամենը երանելի պահեր են պարգևում մարդուն։ Ցավոք, 21-րդ դարում մենք տեսնում ենք գրքի հանդեպ քիչ սեր տածող մարդկանց հոսք։ Ինչու՞ է այդպես, ես շատ անգամներ եմ տվել ինձ այդ հարցը։ Ապրում ենք տեխնիկայի դարաշրջանում և մարդիկ գերադասում են կարդալ աուդիո և էլեկտրոնային գրքեր», – ասում է Արուսյակը:

Նա օգտվել է ինչպես Ախալքալաքի քաղաքային գրադարանից, այնպես էլ գյուղական և դպրոցական գրադարաներից: Նա նկատել է, որ գյուղի և դպրոցի գրադարանից հաճախ են օգտվում, ի տարբերություն Ախալքալաքի գրադարանի, չնայած նրան, որ կան գրքեր, որոնք միայն այնտեղից է հնարավոր գտնել։

gradaran girq

Ախալքալաքում գլխավոր գրադարանը վերջին շրջանում համալրվել է նոր գրքերով, որոնք նվեր են ստացել Թբիլիսիից: Գրադարանի տնօրեն Թեկլե Վախտանգիշվիլիի խոսքով, որոշ ժամանակ առաջ գրքեր ստացել են նաև Հայաստանից, սակայն սա պարբերական բնույթ չի կրում՝ հայկական գրքերը թարմացվում են այն ժամանակ, երբ օրինակ՝ միջոցառում են կազմակերպում, որին հյուրընկալվում է գրող և իր գրքերից նվիրում է գրադարանին:

Եթե նախկինում որևե գիրք չունենալու դեպքում համագորձակցել են տարբեր գրադարանների հետ և փոստով ուղարկել, հիմա՝ ինչը այդ ծառայությունը դարձել է վճարովի, գրադարանը չունի այդ հնարավորությունը: Չնայած այս ամենին, միևնույն է քիչ չեն այն մարդիկ, ովքեր մշտապես օգտվում են գրադարանի գրքային ֆոնդից:

JNEWS-ի հարցին, թե համավարակը ինչպիսի ազդեցություն ունեցավ մարդկանց գրադարան հաճախելու վրա, գրադարանի տնօրենն ասաց.

«Համավարակը ազդեց նաև գրադարանի և մարդկանց հոսքի վրա, բայց լավագույն առումով, հատկապես այն շրջանում, երբ մարդիկ ստիպված էին մեկուսանալ, շատերը սկսեցին իրենց ազատ ժամանակը տրամադրել գիրք կարդալուն»:

Արուսյակը անհրաժեշտության դեպքում օգտվում է նաև օնլայն գրադարաններից:

«Եղել է, ուզածս գիրքը չեմ գտել ոչ մի գրադարանում և ստիպված օգտվել եմ էլէկտրոնային գրքերից։ Մտածում եմ, գուցե դա խթան է, որ շատերը նախընտրում են ընթերցանության ժամանակակից տարբերակները։ Դրա համար էլ գրադարանները պարբերաբար պետք է համալրել նոր գրքերով։ Գիրք ընթերցելը, դա մեզ բերում է խաղաղություն, ներդաշնակություն և ամենակարևորը՝ լեզվի ճկունություն»։

gradarani

Արմինե Բոզոյանը, ով Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող է, նախընտրում է օգտվել էլեկտրոնային գրքերից, դպրոցական տարիներին օգտվել է դպրոցի գրադարանից, եթե գրադարանից ինչ-որ գիրք չի գտնում, ապա այն փնտրում է online հարթակում:

«Իմ կարծիքով կար ժամանակ, երբ գիրքը արժեքազրկվել էր երիտասարդների կողմից: Հիմա շատ ակտուալ են դարձել ժամանակակից գրողների գործերը, զգում եմ, որ շատերի մոտ ցանկություն է առաջանում ձեռք բերել այդ գրքերը: Ցավով պետք է նշեմ, որ սա չի ազդում գրադարաններ գնալու վրա, քանի որ գրադարանում առկա է այն գրականությունը, որ նոր սերնդի մեծ մասին չի հետաքրքրում: Կարծում եմ, որ աուդիոգրքերը շատ լավ տարբերակ են՝ գրադարան գնալու, գրքեր փնտրելու փոխարեն ձեռքի մի քանի շարժումով հասանելի է դառնում ցանկացած գիրք»,- ասում է Արմինեն:

Չնայած առցանց գրադարանների առկայությանը, միևնույն է Ախալքալաքում դեռ կան մարդիկ, ովքեր օգտվում են Ախալքալաքի գլխավոր գրադարանից:

Լիդա Ալմասյան