Ախալքալաքի գլխավոր պատմական կոթողի՝ 11-րդ դարի բերդի վերականգնումը նախատեսված էր 2020 թվականին, սակայն համավարակի պատճառով աշխատանքների մեկնարկը հետաձգվեց։ Այսօր վերականգնման մասին դեռ խոսք չկա։
Ախալքալաքի 11-րդ դարի բերդը տարեցտարի ավելի ու ավելի է քանդվում։ Այն համարվում է մշակութային ժառանգություն, և Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության ազգային գործակալությունը 2020 թվականի ապրիլին պետք է սկսեր վերականգնողական աշխատանքները, սակայն համավարակի պատճառով աշխատանքները հետաձգվեցին։
Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության ազգային գործակալությունում, 2021 թվականի վերջից մինչև 2022 թվականի փետրվարը, գրեթե 2 ամիս իրականացվել է վերակազմավորում, ինչի արդյունքում որոշ ծառայություններ փակվել են և շուրջ 40 աշխատակից կրճատման տակ է ընկել: Արդյունքում այսօր չհաջողվեց կոնկրետ տեղեկություններ ստանալ Ախալքալաքի բերդի վերականգնման մասին։
«Մենք հստակ չգիտենք, թե երբ այն կսկսվի: Տենդերը դեռ հայտարարված չէ, մեր վերակազմավորումը վերջերս է ավարտվել, ղեկավարության փոփոխություն է տեղի ունեցել, և ես չգիտեմ, թե երբ կսկսվեն աշխատանքները», – ասաց Բնապահպանության վարչության վարչակազմի աշխատակից Լաշա Մամաքեիշվիլին:
Տեղի իշխանությունները նույնպես տեղյակ չեն բերդի վերականգնման մասին, քանի որ նախաձեռնությունը եղել է գործակալության կողմից։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ծառայության պետ Վալերի Ստելմաշովն ասաց, որ իրենք չգիտեն, թե երբ կսկսվեն բերդի վերականգնողական աշխատանքները։
«Մենք չգիտենք և չենք հետաքրքրվել, վերականգնումն իրենց նախաձեռնությունն է եղել, համավարակի ժամանակ միջոցների սղության պատճառով հետաձգել էին, բայց հույս ունենք, որ կանեն»,- ասաց Վալերի Ստելմաշովը։
Անցյալ տարի՝ աշնանը, բերդի բակը վերածվել էր բեռնատարներ մեքենաների կայանատեղի, որոնք Ախալքալաքից կարտոֆիլ էին տեղափոխում Ռուսաստան, Ղազախստան։ Նրանք այնտեղ գիշերում էին, ուտում ու բերդի տարածքը վերածվել էր աղբանոցի։
Այլ բեռնատարների համար նույնպես, ովքեր ճանապարհորդում են Թուրքիայից կամ դեպի Թուրքիա, բերդը կանգառ էր դարձել, և հաճախ նրանք այնտեղ հոգում էին իրենց կարիքները:
Մեկուկես ամիս առաջ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը շղթա էր անցկացրել՝ պարսպապատելով բերդի տարածքը, որպեսզի բեռնատարներն ու մեքենաները բակ չմտնեն։ Բայց անասունները միևնույն է մտնում են այնտեղ և կենդանիների հետքերն ամենուր են:
Ախալքալաքի բերդը փլուզման եզրին է
Ապրիլից կսկսվեն Ախալքալաքի բերդի վերանորոգման աշխատանքները
Ախալքալաքի բերդը խոստանում են վերականգնել 2021 թվականին