Ախալքալաքի շրջանի Գոգաշեն գյուղում մանկապարտեզ կկառուցվի: Այն երեխաներին կընդունի ոչ միայն Գոգաշենից, այլ նաև Ափնիայից: Արդեն հայտարարվել է մանկապարտեզի կառուցման էլեկտրոնային մրցույթը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանն օգոստոսի 24-ին հայտարարել է էլեկտրոնային մրցույթ՝ Գոգաշեն գյուղում մանկապարտեզ կառուցելու համար: Հայտերը ընդունելու վերջնաժամկետը սեպտեմբերի 14-ն է:
Մանկապարտեզը կկառուցվի երկու փուլով: Աշխատանքների առաջին փուլը տեղի կունենա այս տարի՝ 150 000 լարիով, իսկ երկրորդ փուլը, որը կազմում է 652 209 լարի, նախատեսված է 2021 թ.-ին:
Նախագծի ընդհանուր գումարը 802 209 լարի է, 40 610 լարին կհատկացվի տեղական բյուջեից, իսկ մնացած 761 599 լարին` պետբյուջեից:
Գոգաշեն գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Զազա Նաթենաաձեի խոսքով, գյուղում կա մոտ 25 նախադպրոցական տարիքի երեխա, բայց գյուղի մանկապարտեզ կհաճախեն ոչ միայն Գոգաշենից, այլ նաև Ափնիայից:
Կկառուցվի երկհարկանի նախակրթարան և տեղակայված կլինի գյուղի կենտրոնում: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար: Շինարարական աշխատանքները կսկսվեն տենդերը կայանալուց հետո:
Բրատիսլավ Իգիթխանյան