Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի դպրոցում դասերը սեպտեմբերից դարձել են միահերթ: Դպրոցին կից, եվրոպական չափանիշներին համապատասխան հինգ նոր դասասենյակ է կառուցվել: Շուրջ 108 աշակերտ է այս դպրոցում կրթություն ստանում:
Կառուցվել է 5 դասասենյակ, զուգարաններ, որոնք հարմարեցված նաև սահմանափակ կարողությունների տեր անձանց համար։
Սակայն դասասենյակներում կահույքը հին է: Բայց դպրոցի տնօրինությունը վստահեցնում է, որ այս տարի նոր կահավորանք է ստանալու՝ աթոռներ, սեղաններ, գրատախտակներ և այլն։
Դպրոցի նորակառույց մասում կենտրոնական ջեռուցում է կա, այդ պատճառով տարրական դասարանների աշակերտներն են սովորում նոր դասասենյակներում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսից Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղում «Կարիտաս Վրաստանի» և գերմանական «Ռենովաբի» միջոցներով սկսվել էր դպրոցին կից դասասենյակների կառուցման աշխատանքները: «Կարիտաս Վրաստան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կաթոլիկ եկեղեցու կողմից։ Կազմակերպության առաքելությունն է օգնել Վրաստանում ապրող ժողովրդի խոցելի խմբերին և բարեգործություն, արդարություն, մարդկային գործոնների զարգացման խթանում՝ առաջնորդվելով քրիստոնեական արժեքներով և հարգելով յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը։
Բավրայի հանրային դպրոցը մշտապես ունեցել է դասասենյակների պակաս, այդ պատճառով երեխաները ստիպված էին երկու հերթափոխով դպրոց հաճախել: Դպրոցն ուներ ընդամենը 7 դասարան, ուսուցչանոց և համակարգչային սենյակ: Երկրորդ հերթափոխով դասի գնացող աշակերտները բողոքում էին, որ կեսօրին են դասի գնում, ինչի պատճառով չեն կարողանում կանոնակարգել իրենց օրը: Երկու հերթափոխով ուսուցումը բարդ էր ոչ միայն աշակերտների, այլև՝ ուսուցիչների համար:
Չնայած դասասենյակների սակավության խնդիր կրթական այս հաստատությունն այլև չունի, բայց դպրոցի հիմնական շենքում խնդիրները շատ են: Այն կապիտալ վերանորոգման կարիք ունի։
Այս թեմայով կարող եք կարդալ՝
Բավրայի դպրոցին կից նոր դասասենյակներ են կառուցվում
Բավրայի դպրոցին կից նոր դասասենյակներ են կառուցվում
Գայանե Ակոջյան