Վրաստանում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, ընդդիմությունը միաձայն հրաժարվում է ճանաչել արդեն կայացած ընտրությունների արդյունքները՝ բոյկոտելով ընտրությունների երկրորդ փուլը, և հրաժարվում է մուտք գործել խորհրդարան: Ի՞նչ է սա նշանակում և համավարակի պայմաններում իրադարձությունների ինչպիսի՞ զարգացում է սպասվում: Այս ամենի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ JNEWS-ի պատրաստած նյութում:
Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում էին 48 կուսակցություն և երկու դաշինք: Վրաստանի խորհրդարանում ընտրվեց 150 պատգամավոր՝ 120-ն ըստ ընտրացուցակների, իսկ 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Արդյունքում, հավաքելով ձայների 48,15 տոկոսը, իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ստանալով հաղթեց: Ընդդիմությունը չճանաչեց այս արդյունքները և հրաժարվեց մտնել նորակազմ խորհրդարան: Ընդդիմության կողմնակիցները, մասնավորապես, պահանջում էին նոր քվեարկություն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիայի հրաժարականը, որը, նրանց կարծիքով, մասնակից է ընտրությունների արդյունքների կեղծմանը: Մյուս պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Դրանից հետո Թբիլիսիում, չնայած համավարակի հետ կապված ծանր իրավիճակին, տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր:
Վրաստանում կայացած ընտրություններից անցել է 26 օր, նոյեմբերի 21-ին 17 ընտրատարածքում տեղի ունեցան վերընտրություններ, որոնցում նույնպես հաղթեց իշխող կուսակցությունը, սակայն ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները, որպես խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի նշան: Ընդդիմությունը հետ կանչեց իր դիտորդներին, ընտրական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև կոչ արեց իր կողմնակիցներին չմասնակցել ձայն տալու գործընթացին: Այնուամենայնիվ, չնայած բոյկոտին, ընդդիմության թեկնածուների անունները քվեաթերթիկներում նշված էին:
Քաղաքագետ, «Ռեզոնանսի» թերթի նախկին գլխավոր խմբագիր Լաշա Տուղուշիի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը լավատեսության հիմքեր չի տալիս:
«Թեև, այժմ ընթանում են բանակցություններ, դեսպանները միջնորդներ են հանդիսանում, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Գերմանիայի դեսպանները: Նրանք փորձում են օգնել գտնել որոշակի կետեր, որոնք հնարավորություն կտան լուծել այս երկընտրանքները, որոնք այժմ տեսանելի են և լավատեսության հնարավորություն չեն տալիս», – ասում է նա:
Ըստ քաղաքագետի՝ ֆորմալ առումով պատգամավորների թվաքանակը բավարար է, որպեսզի խորհրդարանը կարողանա շարունակել իր աշխատանքը: Որպեսզի դա լինի լեգիտիմ, անհրաժեշտ է ընդհանուր թվաքանակի կեսի առկայությունը, այսինքն՝ 74 պատգամավորի: Այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ըստ Սահմանադրության հայտարարում է վերջնական որոշումը, նախագահը պետք է 10 օրվա ընթացքում հայտարարի խորհրդարանի առաջին նստաշրջանի մասին:
«Ֆորմալ առումով, այո, խորհրդարանը կլինի, բայց խնդիրը կայանում է նրանում, որ առանց ընդդիմության այն կլինի ոչ այդքան կառուցողական և արդյունավետ: Քանզի միակուսակցական խորհրդարանը մեր վրացի ընտրողների երազանքը չէ, որոնք ցանկանում էին ունենալ բազմակուսակցական խորհրդարան: Այնպես որ, դա շատ բարդ գործընթաց կլինի, և դրա պատճառով բոլոր առողջ դատող մարդիկ ցանկանում են ինչ-որ ելք գտնվի: Ելքերը տարբեր են, և նոր արտահերթ ընտրությունները, կարող են լինել որոշ փոխզիջումային տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն ընդդիմության և նրա խորհրդարան մտնելու վճռականության համար, բայց դա շատ բարդ գործընթաց է», – ասում է Լաշա Տուղուշին:
Ըստ Տուղուշիի, երկրորդ փուլն ընտրություն անվանելը դժվար է, քանի որ ընդդիմությունը չէր մասնակցում, արդյունքը նախապես որոշված էր, բնականաբար, այդ բոլոր ընտրատարածքներում հաղթեց իշխող կուսակցությունը: Չնայած ընդդիմության կողմից ներկայացված խախտումների, կեղծիքների և ձայների գնման մեղադրանքներին, միջազգային հանրությունն ընտրությունները գնահատելիս չափազանց քննադատական չէր, սակայն գնահատումն ամբողջությամբ չի տրվել:
«Մենք սպասում ենք վերջնական գնահատականներին, հատկապես ԵԽ-ից և ԵԱՀԿ-ից, այսինքն` միջազգային դիտորդների դիտորդներից, նրանք պետք է գրեն վերջնական եզրակացությունը, որը, իհարկե, շատ կարևոր է և շատ հետաքրքիր: Եղել են որոշ միջանկյալ դրվագներ, գնահատականներ, բայց նրանք դեռ այդքան էլ ողբերգականորեն չեն նայում ընտրությունների ընթացքին: Դեռևս նրանք ընտրությունները գնահատել են որպես ժողովրդավարական, մրցակցային գործընթաց և այլն, այսինքն՝ այս գործընթացը նրանք որակել են նման արտահայտություններով: Բայց հարկ է տեսնել վերջնական փաստաթուղթը: Իհարկե, շատերը տարբեր կերպ են դրան նայում, հատկապես ընդդիմադիր մտածողությամբ մարդիկ, ես կարծում եմ, որ եղել են լուրջ խնդիրներ, կապված կեղծումների, տեղում ձայների գնման հետ, որտեղ տարբեր թվեր չեն համընկել, քվեաթերթիկները ինչ-որ տեղ են անհետացել, նմանատիպ տարբեր փաստարկները շատ են: Սա բարդ գործընթաց է, և դեռևս այն չի ավարտվել: Ինչ կլինի այս թունելի վերջում: Հուսով եմ, որ լույս կլինի», – ասում է Լաշա Տուղուշին:
Իսկ մինչ կհայտնվի այդ «լույսը», Վրաստանը ճգնաժամ է ապրում բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական: Արդյո՞ք կհաջողվի դուրս գալ այս ճգնաժամից, ե՞րբ և ինչպե՞ս… Այս հարցերը մնում են անպատասխան:
Քրիստինե Մարաբյան