Բավրայի հանրային դպրոցում ուսումնական գործընթացը ստիպված են երկու հերթափոխով կազմակերպել, քանի որ դասասենյակները բավարար չեն 12-ամյա կրթություն ապահովելու համար: Դպրոցը ունի նաև այլ կարևոր խնդիրներ:
Ախալքալաքի շրջանի Բավրայի հանրակրթական դպրոցի հիմնախնդիրները բազմաթիվ են ու բազմապիսի: Առաջնայինը դա դասասենյակների սակավությունն է: Դպրոցն ունի ընդամենը 7 դասարան, ուսուցչանոց և համակարգչային սենյակ: Երկրորդ հերթափոխով դասի գնացող աշակերտները բողոքում են, որ կեսօրին են դասի գնում, ինչի պատճառով չեն կարողանում կանոնակարգել իրենց օրը:
«Մի կողմից լավ է, որ մինչև ժամը 12-ը կարող եմ հանգիստ քնել և նորմալ պատրաստվել դասերին, իսկ մյուս կողմից էլ հեշտ չէ մինչև երեկոյան ժամը 6-ը դասի նստել ու հոգնած տուն գնալ, հետո նորից դաս սովորել: Չեմ հասցնում նույնիսկ ընկերուհիներիս հետ խաղալ: Որ դպրոցում լիներ 3-4 դասարան ավել, ստիպված չէինք լինի 2-րդ հերթափոխով դասի գնալ», – ասաց Բավրա գյուղի հանրային դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհին, ով չցանկացավ ներկայանալ:
1-ից մինչև 6-րդ դասարանի աշակերտները դպրոց են հաճախում առաջին հերթափոխով, իսկ 7-12-րդ դասարանի աշակերտները՝ երկրորդ: Բավրա գյուղի դպրոցի շենքը 1960-ական թվականների մի հարկանի կառույց է:
«Ուսուցչանոցում նստում են և դպրոցի տնօրենը, և ուսուցիչը, և հավաքարարը, և պահակը: Մեր շենքային հնարավորությունները շատ նեղ են: Որպեսզի մի հերթափոխով լինի, պետք է հարակից դասասենյակներ կառուցվեն», – ասաց Բավրա գյուղի հանրային դպրոցի տնօրեն Միսակ Շիրինյանը:
Նրա խոսքերով Խորհրդային միության ժամանակ նույնիսկ նախագիծ են պատրաստել, բայց այդպես էլ ավարտին չեն հասցրել:
«Գրավոր չեմ դիմել նախարարությանը, միայն բանավոր եմ ասել: Նրանք հիմնականում պատճառաբանում են, որ ֆինանս չկա, կամ հերթը չի հասել մեր դպրոցին: Այս խնդրով դիմել եմ բարերարի, նա խոստացավ, բայց ֆինանսական կռիզիսի պատճառով, նրա գործերն էլ էդքան լավ չէ, և հիմա չի կարող կառուցել: Առաջիկայում պատրաստվում եմ գրավոր դիմել նախարարությանը», – ասաց տնօրենը:
Բավրայի հանրակրթական դպրոցում իրավիճակը բարդություններ է ստեղծում, ոչ միայն աշակերտների, այլև մանկավարժների համար:
«Մեր դպրոցում աշխատելը շատ դժվար է, թե տնօրենի, թե մանկավարժի, թե աշակերտի համար: Առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 6-ը մեր դպրոցում դաս է անցկացվում», – ավելացրեց տնօրենը:
Այս դպրոցում խնդիրները չեն սահմանափակվում միայն երկու հերթափոխով: Հանրակրթարանը չունի սպորտդահլիճ և համապատասխան գույք, որպեսզի աշակերտները ֆիզկուլտուրայի դասաժամերը նպատակային անցկացնեն: Այս պատճառով աշակերտները, թե գարնանը, թե ձմռանը ֆիզկուլտուրայի ժամերն անցկացնում են բաց երկնքի տակ:
Դպրոցում ճաշարան կամ որևէ սնվելու պայման չկա, որ աշակերտները կարողանան ինչ-որ չափով սնվեն:
Խնդրահարույց է նաև դպրոցում խմելու ջրի բացակայութունը: «Ես ինձ անհարմար եմ զգում գնալ ջուր խմելու կամ ջուր բերելու ուսուցչանոցի համար, մանավանդ են ժամանակ, երբ այդ տան տերը ինձ նայում է թարս հայացքով և կարծես թե հասկացնում է, որ հեռանամ իր տան մոտից: Նույնիսկ մի քանի անգամ ձմռանը ինձ նկատողություն են տվել ծորակը բացելուց», – ասաց 9-րդ դասարանի աշակերտ Նապոլեոն Դավիթյանը:
Տնօրեն Միսակ Շիրինյանը jnews-ի հետ զրույցում խոստացավ, որ ջրի խնդիրն այս տարի լուծում կստանա:
«Ամռանը դպրոցի սեփական միջոցներով հաշվին ջուր կլինի, հիմնական խնդիրը կոյուղին է, ստիպված հոր պիտի փորենք, դպրոցն իր սեփական ջուրը չունի բայց շրջակայքի տներն ունեն, և մենք օգտվում ենք դրանցից», – վստահեցրեց տնօրենը:
Աշակերտների դժգոհության առիթ է հանդիսանում նաև դպրոցի ջեռուցման հարցը: Բանն այն է, որ ջեռուցումն իրականացվում է փայտե վառարաններով: Եվ աշակերտները ստիպված են լինում հերթափոխով դասերից առաջ փայտ կոտրատել դասասենյակները տաքացնելու համար:
Երեխաները ստիպված են լինում փայտ կոտրատել անգամ այն ժամանակ, երբ դրսի ջերմաստիճանը մինուս 20-ի է հասնում: Ցրտին գումարվում է նաև կացինի երկաթյա պոչը և ամեն բռնելուց աշակերտների ձեռքերը կպնում են կացնի պոչին:
«Հավես չունեմ առավոտ շուտ արթնանալ և գալ փայտ կոտրելու: Ինձ համար էլ է դա վատ, որովհետև ցուրտ է դրսում, կացնի պոչն երկաթից է ու փայտն էլ թաց», – ասաց 9-րդ դասարանի աշակերտ Երվանդ Գաբրիելյանը:
Բավրա գյուղի հանրային դպրոցում շուրջ 120 աշակերտ է սովորում: 2016-2017 ուսումնական տարում դպրոցը 14 շրջանավարտ է ունեցել, որոնցից 3-ը էքստեռն համակարգով: Բոլորը հաջողությամբ հաղթահարել են քննական արգելքները:
Լավրենտ Ասլանյան