Ախալքալաքում գործում է «Պահպանողական շարժում» նոր կուսակցության գրասենյակը։ Ախալքալաքի մունիցիպալիտետում կուսակցության գրասենյակի ղեկավարը քաղաքապետարանի նախկին աշխատակից Արարատ Քամալյանն է։
Պահպանողական շարժում կուսակցությունը հիմնադրվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Այն հիմնադրվել է ուլտրապահպանողական, ազգայնական և ռուսամետ ինտերնետային «Ալտ-Ինֆո» հարթակի ներկայացուցիչների կողմից։ Կուսակցության նախագահը Գոգա Մախարաձեն է։
Արարատ Քամալյանը նախկինում աշխատել է որպես քաղաքի գամգեբելիի լիազորված անձ, ինչպես նաև 2013 թվականին եղել է Նինո Բուրջանաձեի «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ։
«Պահպանողական շարժում» կուսակցությունն իր գրասենյակները բացել է ողջ Վրաստանով մեկ։ Ախալքալաքում և Նինոծմինդայում գրասենյակների բացումը տեղի է ունեցել փետրվարի 25-ին։
Հարկ է նշել, որ Ախալքալաքում կուսակցության ակտիվությունը դեռ նկատելի չէ, իսկ կուսակցության գրասենյակի բացումն անցել է հանգիստ ու համեստ միջավայրում, անգամ տեղական լրատվամիջոցները չեն իմացել այս բացման մասին։
Ախալքալաքում կուսակցության գրասենյակը գտնվում է Մաշտոց 31 հասցեում։
Իսկ Նինոծմինդայում կուսակցության գրասենյակը բացվել է Տերյանի թիվ 1 հասցեում, որտեղ բջիջը ղեկավարում է Յուրիկ Մղդեսյանը։
Արարատ Քամալյանի խոսքով, կուսակցության նպատակն է բարելավել հարեւան երկրների հետ հարաբերությունները, որպեսզի Վրաստանը չտուժի աշխարհաքաղաքական բարդ պայմաններից։ Կուսակցության հիմնադիրներն իրենց ելույթներում նշում են, որ չեն թաքցնում, որ պահում են ուղեծիրը դեպի Մոսկվա, համարելով, որ այնտեղ են լուծվում բոլոր խնդիրները։