Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման նոր տնօրենն աշխատում է մանկապարտեզների նոր կանոնադրություն կազմելու վրա:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի հրամանով, որը ստորագրվել է 2019 թ. մայիսի 2-ին, Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը պաշտոնից ազատվել էր: Այդ պահին տվյալ պաշտոնին նշանակվել էր Ախալքալաքի քաղաքապետարանի գենդերային քաղաքականության մասնագետ Անահիտ Ասատրյանը: Jnews.ge-ն նոր տնօրենի հետ զրուցել է նրա գործունեության մասին:
Ինչ չափանիշներով են Ձեզ նշանակվել Մանկապարտեզների միավորման տնօրենի պաշտոնին:
– Այս պաշտոնին նշանակումը պաշտոնապես եղել է մայիսի 3-ին: Մրցույթ չի եղել, ինձ ասացին, որ նրանք (Խմբ. քաղաքապետարանը) կարող են շտապ նշանակել ինձ այդ պաշտոնին: Ես չեմ կարող ասել, թե ինչու են հենց ինձ ընտրել, բայց կրթությամբ ես մանկավարժ եմ, կազմակերպել եմ մանկապարտեզների վերապատրաստման դասընթացներ, քաջատեղյակ էի խնդիրներին, քանի որ հանձնաժողովի կազմում միշտ էլ մասնակցել եմ քաղաքապետարանի ստուգումներին, կազմել եմ արձանագրություններ: Կարծում եմ, սա քիչ կապ չէ այս գործունեության հետ: Ես ինքս չէի ուզում, անկեղծ ասած, զբաղեցնել այս պաշտոնը, բայց ինձ առաջարկեցին:
Ի՞նչ խնդիրներ մնացին Միավորման նախկին ղեկավարությունից: Ինչի՞ց եք Դուք սկսել:
– Առաջին հանդիպումից հետո ես բացատրեցի բոլորին, որ ինձ համար կարեւոր չէ, թե ինչ է տեղի ունեցել մինչ այս, ինչպիսի երկպառակություններ են եղել: Ես ուղղակի ասացի անձնակազմին, որ ամեն ինչ կսկսենք զրոյից: Չեմ ասում, որ Միությունում իրավիճակը զրոյին հավասար է, բայց ինձ համար այս աշխատանքը սկսվում է զրոյից: Ես մինչ օրս որեւէ պայմանագիր չեմ կնքել, քանի որ դեռեւս փաստաթղթերի հասանելիություն չունեմ, բայց հաջորդ շաբաթվանից ես կկարողանամ ծանոթանալ փաստաթղթերին: Ինչ վերաբերում է մրցութային փաստաթղթերին, ինչպես արդեն ասացի, ես ոչինչ չգիտեմ, քանի որ ոչինչ չեմ տեսել: Մանկապարտեզներում շատ խնդիրներ կան: Շատ փչացած բաներ պետք է վերանորոգվեն: Ահա մոտավորապես այսպիսին են խնդիրները: Կաղում է կարգապահությունը: Սա բացահայտվեց ստուգատեսի ժամանակ: Եթե կարգապահություն չկա, աշխատանքը չի հանգեցնի արդյունքների:
Ես կփոխեմ կանոնադրությունը, որտեղ կա բան, որն ինձ դուր չի գալիս, եւ ես իրավունք ունեմ փոխելու այն: Մոտ ապագայում ես կհավաքեմ մենեջերների եւ կփորձենք այնպիսի նոր կանոնադրություն մշակել, որն ընդունելի կլինի և երեխաների, և ծնողների, եւ դաստիարակների, դայակների, տնօրենի եւ մենեջերի համար: Յուրաքանչյուր աշխատող պետք է իմանա իր պարտականությունները եւ իր իրավունքները: Կլինեն ծնողական ժողովներ, որտեղ ես կհայտնեմ ծնողներին, որ նրան երեխաներին մանկապարտեզ պիտի բերեն առավոտյան 9-ից 10-ը: Ժամը 9-ին 15 պակաս, ցանկացած մանկապարտեզ պետք է բաց լինի, քանի որ ծնողը իր երեխային տանում է մանկապարտեզ, աշխատանքի գնալու համար: Ես ականատես եմ եղել իրավիճակի, երբ ծնողները սպասում էին մանկապարտեզների մոտ, որպեսզի 9:15-ին մանկապարտեզները բացվեն: Ես ստուգել եմ 2 անգամ, արդեն արդյունքներ կան, հույս ունեմ նաեւ ապագայում դրանք տեսնել: Մենք պետք է վերահսկենք այդ գործընթացը, քանի որ բնակչությունը սովորել է ամենաթողությանը, երբ դու թուլացնում ես զգոնությունդ, նրանք նույնպես կորցնում են այն: Առավոտյան ժամը 10-ից հետո մանկապարտեզներն այլևս չեն ընդունի երեխաներին, քանի որ ժամը 10:30-ին ուղարկվում են կերակրացանկն՝ ըստ երեխաների քանակի: Լինում են դեպքեր, երբ ծնողներն իրենց երեխաներին բերում են մանկապարտեզ, երբ ուզում են և շուտ էլ հետ են տանում: Այս ավանդույթը նույնպես փոխվել է, երեխաներին կարող են տանել ժամը 17:00-18:00: Սովորաբար երեխաներին տանում էին ժամը 15:00-16:00: Կան երեխաներ, որոնք օրվա ընթացքում քնում են, որոշ մանկապարտեզում կա այդ հնարավորությունը, որոշներում՝ ոչ: Այդ երեխաների ծնողները պետք է գրեն հայտարարություն այն մասին, թե որ ժամին նրանք երեխային կվերցնեն քնելու համար, օրինակ, ժամը 14:00-ին, որովհետև դա հաշվի է առնվելու կերակրացանկը կազմելիս:
Նախորդ ղեկավարությունը խնդիրներ ուներ այն աշխատակիցների հետ, որոնք աշխատանքից հեռացվել էին, նրանք արդյո՞ք դիմել են Ձեզ՝ աշխատանքի վերականգնելու համար, և ի՞նչ պլաններ ունեք մոտ ապագայում նոր կադրերի վերաբերյալ:
– Բազմաթիվ խնդիրներ կան, եւ բյուջեն ռետինե չէ: Միանգամից ամեն ինչ անելու հնարավորություն չկա: Բայց մենք պետք է փորձենք անել ամենակարեւորը: Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հեռացվել են աշխատանքից մինչ իմ գալը, ապա թող դիմեն: Ես կողմ եմ, որ աշխատեն պրոֆեսիոնալ և արհեստավարժ կադրեր: Ինձ համար կարեւոր չէ, թե ինչ պատճառներ են եղել, եթե անձը աշխատանքից ապօրինի է հեռացվել, ապա անհրաժեշտության դեպքում մենք կքննարկենք դա, հարկ եղած դեպքում՝ դատարանի միջոցով: Ես մատակարարի հետ հանդիպեցի, ի դեպ, բոլոր վարիչները գոհ էին մատակարարի աշխատանքից, բայց ինձ ասացին, որ նախորդ մատակարարի հետ խնդիրներ են եղել: Նախկին տնօրենն արդեն հայտեր է ներկայացրել եւ հայտարարվել են մրցույթներ: Պետք է կազմվեն նախահաշիվներ և ես պետք է տեղյակ լինեմ, թե ինչ եւ որտեղ են անում: Ինչքան որ ես գիտեմ, պետք է կառուցվի ցանկապատ թիվ 3 մանկապարտեզի համար, սանհանգույցներ՝ թիվ 1 մանկապարտեզի համար: Ես թափանցիկ կաշխատեմ, որպեսզի բոլորն իմանան յուրաքանչյուր գործողության, կոպեկի մասին, թե ինչի համար է գումար ծախսվում, ես բաց եմ բոլոր առաջարկների համար: Կա նաեւ մտադրություն՝ մեկնել Ախալցիխե եւ Թբիլիսի, ծանոթանալու համար այնտեղի Միավորման աշխատանքին, սովորելու, թե ինչպես են նրանք աշխատում, ինչպիսին է նրանց ճաշացանկը: Ես որքանով գիտեմ, իրենց ճաշացանկն իրենք են կազմել, բայց գիտեմ նաև, որ պետք է լինի մեկ ընդհանուր ճաշացանկ: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչն է լավ Ախալցխայում կամ Թբիլիսիում եւ կիրառել նրանց փորձը, զարգացնել մեր մանկապարտեզները: Մեր պետությունը շատ լավ հնարավորություններ է ընձեռում, դրանք չօգտագործելը մեր կողմից մեծ հիմարություն կլինի:
Քրիստինե Մարաբյան